Էրդողանը հնարավոր ծանր հիվանդության պատճառով կարող է այլևս չլինել Թուրքիայի առաջնորդ․ Foreign Policy

Մանրամասներ

1

2019 թվականից թուրք փորձագետները, լրագրողները հետեւում են համընդհանուր ընտրություններին Թուրքիայում, որոնք նախանշված են 2023թ.։ Հավանաբար, դա կապված է այն բանի հետ, որ կառավարող Արդարություն եւ զարգացում (ԱԶԿ) կուսակցությունը նվաստացուցիչ պարտություն կրեց Թուրքիայի հիմնական քաղաքների, ներառյալ Ստամբուլի, քաղաքապետերի ընտրություններում, 2019թ. տեղական ընտրություններում։ Այդ ընտրություններից հետո անցկացված մշտական հարցախույզները ցույց են տալիս, որ ԱԶԿ պոպուլյարությունը բարձր չէ, անգամ չնայած այն բանին, որ պահպանում է վերահսկողությունը Թուրքիայի քաղաքական ինստիտուտների եւ զանգվածային լրատվամիջոցների հանդեպ։ Որքան էլ տարօրինակ է, թվում է, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառել է համբերության պաշարը, հատկապես երիտասարդության շրջանում, գրում է Foreign Policy-ն։

Էրդողանն իսկապես կարող է խոցելի դառնալ 2023թ. նախաշեմին։ Կան նշաններ այն բանի, որ նա, գուցե, շատ հիվանդ է, որպեսզի առհասարակ առաջադրվի վերընտրման համար։

Վերջին ամիսներին մի շարք տեսահոլովակներ են հայտնվել, որոնցում Թուրքիայի նախագահը այնքան էլ լավ տեսք չուներ։ Դրանց մի մասը ակնհայտ հարցեր է առաջացնում Էրդողանի առողջության հետ կապված։ Մի տեսահոլովակում, օրինակ, նախագահը, թերեւս, իր կնոջ օգնության կարիքն ունի աստիճանով բարձրանալիս։ Տեսանյութում, որը մեծ ուշադրություն է գրավել այս տարվա հուլիսին, Էդողանը կարծես թե գունատվում է եւ անհասկանալի արտաբերում բառերը տոնի առիթով ԱԶԿ անդամներին հեռուստատեսային շնորհավորանքի ժամանակ։

Երբեմն նա բավական տանջված տեսք ուներ։ Լուրեր են պտտվում նախագահի առողջության վերաբերյալ, այդ թվում նաեւ այն մասին, որ նա մոռացկոտ է դարձել, շնչառական խնդիրներ է ունենում, գիտակցությունը խառնափնթոր է, ունենում է ործկումներ։ Այդ նույն տեղեկությունների համաձայն՝ նախագահը մեծացրել է բժիշկների թիվը, կրճատել մամուլի հետ հանդիպումները եւ ցավազրկողներ է ընդունում հանրային միջոցառումներից առաջ։

Իհարկե, այդ լուրերն ամենից հաճախ տարածում են Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող մարդիկ կամ՝ ավելի մոտ, քան մեկ քայլը նախագահին մոտիկ գտնվողները, ուստի Էրդողանի սպասվելիք վախճանի մասին պնդումները կարող են դատարկաբանություն լինել։ Ի վերջո, այլ տեսանյութերում նա միանգամայն նորմալ տեսք ուներ։

Բայց եկեք մի պահ մտավոր փորձ կատարենք. իսկ ի՞նչ, եթե Էրդողանն իսկապես լուրջ հիվանդ է։ Ի՞նչ կլինի, եթե նա հիվանդության պատճառով չկարողանա  առաջադրվել 2023թ. երկրորդ ժամկետի համար։

Համաձայն Թուրքիայի 106-րդ հոդվածի՝ փոխնախագահ Ֆուաթ Օքթայը իր վրա կվերցնի այն պարտավորություններն ու լիազորությունները, որոնք հիմա ունի Էրդողանը, այնքան ժամանակ, մինչեւ որ ընտրություններ անցկացվեն (45 օրից) եւ նոր նախագահը երդում տա։ Դա բավական պարզ ու ստանդարտ է։ Թուրքիայի վերլուծաբանները վաղուց ենթադրում էին, որ Էրդողանից հետո ԱԶԿ-ն կպառակտվի այնպես, որ ճանապարհ կբացվի մրցակցային ընտրությունների համար, որոնցում կարող էր հաղթել Թուրքիայի հիմնական ընդդիմադիր քաղաքական գործիչներից յուրաքանչյուրը։ Գուցե նա կարող էր լինել Էքրեմ Իմամօղլուն, որը երկու անգամ հաղթել է ԱԶԿ նախկին վարչապետին եւ դարձել Ստամբուլի քաղաքապետ։ Նրա գործընկերն Անկարայում՝ Մանսուր Յավասը, նույնպես ահեղ քաղաքական գործիչ է։ Կա նաեւ Մերալ Աքսեները՝ «Բարի կուսակցության» առաջնորդը։

Գոյություն ունեն խելամիտ սցենարներ, որոնց պարագայում Իմամօղլուն, Յավասը կամ Աքսեները դառնում են  Թուրքիայի հաջորդ նախագահ, բայց նրանց հաղթանակի հիմքում ընկած է ենթադրությունը այսպես կոչված նորմալ քաղաքականությանը վերադառնալու մասին Էրդողանից հետո։ Դա հնարավոր է, բայց թերահավատության հիմքեր կան։ Նախ՝ ներկա պահին պետք է պարզ լինի, որ Էրդողանը ԱԶԿ օգնությամբ կամ ամայացրել է Թուրքիայի քաղաքական ինստիտուտները, կամ նրանց ենթարկեցրել իր կամքին։ Այս համատեքստում դժվար է պատկերացնել, որ 45 օրում կազմակերպվելիք ընտրությունները կարող են ազատ եւ արդար լինել։ Երկրորդը, որն ավելի կարեւոր է, այն փաստն է, որ Էրդողանի կառավարման երկու տասնամյակի ընթացքում ԱԶԿ մերձավոր շրջապատի մարդիկ դարձել են հարուստ եւ ազդեցիկ, հաճախ՝ կասկածելի միջոցների եւ մեթոդների օգնությամբ։ Սակավ հավանական է թվում, որ պաշտոնական անձինք, գործարարները, լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ մյուսները այդպիսի պատրաստակամության վտանգի տակ կդնեն իրենց ձեռքբերումները՝ ենթարկվելով ավելի դեմոկրատական քաղաքականության անորոշությանը։

Այս հանգամանքներում արժե դիտարկել այն հնարավորությունը, որ մեկ այլ ուժեղ մարդ կարող է կառավարել Թուրքիան Էրդողանից հետո, գուցե, արտակարգ դրության պայմաններում։ Թուրքիայում ամենաազդեցիկ դեմքերի մեջ, Էրդողանից բացի, հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանն է, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Այս երեքից Աքարը, թվում է, ամենահավանական թեկնածուն է։ Ֆիդանը լավ հայտնի է թուրքերին, բայց հիմնականում գործում է Ազգային հետախուզական կազմակերպության փակ դռների հետեւում։ Սոյլուն «փչացած ապրանք» է այն բանից հետո, երբ թուրքական մաֆիայի դոնը՝ Սեդաթ Փեքեր անունով, ենթադրեց, որ ներքին գործերի նախարարը կոռումպացված է եւ կապված կազմակերպված հանցավորության հետ յութուբյան մի շարք տեսահոլովակներում, որոնք հրապարակվել են վերջին ամիսներին։

Աքարը նաեւ առավելություն ունի Ֆիդանի ու Սոյլուի հանդեպ՝ զինված ուժերը։ Վերլուծաբանները հակված են թերագնահատել զինվորականների դերը թուրքական քաղաքականության մեջ, քանի որ 2003 եւ 2004թթ. բարեփոխումները զինված ուժերին դրեցին քաղաքացիական վերահսկողության տակ։ 2016թ. անհաջող հեղաշրջումը, որի ժամանակ թուրքերի մեծ թվաքանակ մերժեց զինվորական խնամակալության համակարգին վերադարձը, սպայական կորպուսի զտումների հետ համադրված, թերեւս, կոտրեց հրամանատարների՝ քաղաքականության մեջ իրենց դերն ունենալու կամքը։ Բայց եւ այնպես, Աքարը, որը եղել է շտաբի պետը հեղաշրջման փորձի ժամանակ, իսկ հետո ազգային պաշտպանության նախարարը, կենտրոնական դեր խաղաց զինված ուժերի վերակառուցման մեջ 2016թ. հուլիսից հետո, ինչը կարող է զինվորականներին հնարավորություն տալ նորից քաղաքական դեր խաղալ Աքարին աջակցելիս։

Այդ ժամանակվանից հետո անցած հինգ տարում նախարարը նշանակել է սպայական կազմի մոտ 65 տոկոսին, ներառյալ հարյուրավոր գեներալների։ Եթե նախագահն անգործունակ դառնա կամ մահանա, Աքարը շատ ազդեցիկ կդառնա։

Վաշինգտոնում ոմանք կարող են կարծել, թե Աքարը «այնքան էլ վատը չէ»։ «Նա պրագմատիկ է թվում։ Մենք կարող ենք նրա հետ գործ ունենալ»։ Սա անհիմն դիրքորոշում չէ, բայց ոչ ոք չպետք է սպասի, որ Աքարը բարյացակամ կլինի Միացյալ Նահանգների հանդեպ։  Նա գաղափարապես մոտ է Էրդողանին։ Նախարարը նաեւ միավորվել է սպաների ծայրահեղ ազգայնական եւ հակաարեւմտյան խմբի հետ։ Ի թիվս այլոց, նրանք ի մի են եկել՝ պատժելու համար այն սպաներին, որոնք իրենց երաշխավորել են ՆԱՏՕ հրամանատարությունում եւ որոնք զգալի ժամանակ են անցկացրել Եվրոպայում եւ/կամ Միացյալ Նահանգներում, կամ նրանց բանտ նստեցնելով (հոգեւորական Ֆեթուլա Գյուլենի հետ ենթադրյալ կապերի պատճառով), կամ նրանց հեռու պահելով պատասխանատվությունից։ Աքարը նաեւ այն պաշտոնական անձն էր, որն անմիջականորեն պատասխանատու էր Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշման համար Միջերկրածովում 2020թ. ամռանը, ինչի արդյունքում Անկարան բախվեց Հունաստանի եւ Ֆրանսիայի հետ։

Իհարկե, որեւէ միջոց չկա իմանալու Էրդողանի իսկական առողջական վիճակի մասին, կամ էլ՝ թե ով կարող է փոխարինել նրան։ Եթե նա առաջադրվի, թուրքական քաղաքականությունը կարող է վերադառնալ մի ինչ-որ բանի, որը կհիշեցնի status quo ante, կամ ճեղքերն ԱԶԿ-ում կարող են հնարավորություն ընձեռել ընդդիմությանը, կամ երկիրը կարող է դառնալ ավելի անկայուն, կամ կարող է տեղի ունենալ էլի ինչ-որ բան։ Շատ տարիների ընթացքում արտաքին քաղաքական հանրույթը կարծում էր, թե իշխանությունը Եգիպտոսում Հոսնի Մուբարաքից կանցնի կան նրա որդուն՝ Գամալ Մուբարաքին, կամ նրա հետախուզության ղեկավար Օմար Սուլեյմանին։ Պարզվեց՝ ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Էլ ավելի մեծ սխալ կլիներ անտեսել այն նշանները, որ Թուրքիայի նախագահի վիճակը կարող է վատանալ, եւ հուսալ, որ ամեն բան կկարգավորվի։