Ստոպ չեմ տալու․ Հիմա հանրությունը թող տեսնի, թե ով է իրական կոռուպցիոները

Մանրամասներ

1

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանի հարաբերությունները սրվել են։

Հարությունյանի հրահանգով ԱՀ իրավապահները լծվել են Խանումյանի մասնակցությամբ կոռուպցիոն պատմության բացահայտման գործին, ինչը նախագահը չի թաքցնում:

Նեղ շրջապատում նա ասել է, որ գործընթացին ստոպ չի տալու․ ժամանակին ընդդիմադիր Խանումյանն իրեն պատեհ-անպատեհ կոռուպցիոներ էր անվանում, հիմա հանրությունը թող տեսնի, թե ով է իրական կոռուպցիոները։


Հիշեցնենք․ Արցախի դատախազությունն օրերս հաղորդեց, որ տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով՝ Արցախի մի հյուրանոց պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար, բնակարան չունեցող անձանց փոխհատուցումները։ Մենք գրել էինք, որ խոսքը «Սոֆիա» հյուրանոցի մասին է, բայց խնդիրը ոչ թե հյուրանոցն է, այլ տեղահանվածների խնդրով զբաղվող ԱՀ տարածքային կառավարման նախարարությունը` ի դեմս նախարար Հայկ Խանումյանի, քանի որ այս նախարարությունն է իրականացնում վերահսկողությունը եւ որոշում շահառուների շրջանակը, եւ ոչ մի հյուրանոց չի կարող տվյալներ կեղծել։

Որոշ տեղեկություններով, գործընթացն իրականացվել է Խանումյանի օգնական ոմն Անգելի միջոցով, որը նաեւ պատերազմի մասնակից է։ Մեզ ասացին նաեւ, որ կիրակի օրը Խանումյանն ու Հարությունյանը հանդիպել են: Թե ինչ են խոսել՝ մանրամասներ հայտնի չեն։ Սակայն խորհրդանշական է, որ երեկ Խանումյանի ղեկավարած նախարարությունը հաղորդագրություն տարածեց, կոչ անելով դատախազությանը եւ Քննչական կոմիտեին՝ «չվերածվել դեղին մամուլի մասնաճյուղերի»: Ոմանք տպավորություն էին ստացել, որ Հարությունյանն ու Խանումյանը հաշտվել են եւ որոշել ջրել գործը՝ քավության նոխազ դարձնելով իրավապահներին։

Հիշեցնենք․ սորոսական Խանումյանի նշանակման միջնորդը եղել է Փաշինյանը, հավանաբար, Հարությունյանը Հայաստանից դրական ազդակ չի ստացել նրան նեղելու հարցում։

«Հրապարակ օրաթերթ»