Մարուքյանը փոխում է մասնագիտությունը

Մանրամասներ

1

Ի՞նչ է փնտրում Էդմոն Մարուքյանը Հայաստանի ներքաղաքական դաշտում: Այս հարցը թերեւս շատերն են իրենց տալիս եւ հանգում խիստ պրոզայիկ եզրակացության` պաշտոն: Չստացվեց մնալ ընդդիմադիր, իսկ ինչո՞ւ չփորձել արժանանալ իշխանության համակրանքին: Եվ ընդդիմադիր Էդմոն Մարուքյանն աշխատում է այդ ուղղությամբ` աջուձախ հայտարարություններ անելով զանազան հեռուստաալիքներով, առցանց կայաններով եւ սոցցանցերի տիրույթում:

Նրա հայտարարությունները, որքանով հասցնում եմ հետեւել, ուղղված են մեկ թիրախի` խորհրդարանական ընդդիմությանը: Ի պատիվ Մարուքյանի ասեմ, որ դա անում է բացահայտ, առանց ինչ-որ ձեւականությունների: Մասնավորապես «Կենտրոն թիվի»-ին ասել էր, որ ընդդիմությունը խաբել է իր ընտրողներին` ԱԺ-ում ստացել է բոլոր հնարավոր պաշտոնները, պադավատներ, լավ աշխատասենյակներ եւ մոռացել ընտրողին տված իր հիմնական խոստումը` հեռացնել այս իշխանություններին:

Մի կողմ թողնենք այն, որ նոր ԱԺ-ն հազիվ 3 ամիս է, ինչ սկսել է գործել, եւ հազիվ թե հնարավոր էր այդ ընթացքում հեռացնել մի իշխանության, որ ամեն գնով, այդ թվում եւ խայտառակ ընտրախախտումներով, պահպանեց քաղաքական մեծամասնության աթոռները: Առջեւում քաղաքական աշուն է, եւ Էդմոն Մարուքյանը, չեմ կասկածում, բազմաթիվ առիթներ կունենա համոզվելու, որ իր ու այս ընդդիմության միջեւ սարուձորի տարբերություն կա: Ապագան, սակայն, հանգիստ թողնենք եւ մի քիչ անցյալը պրպտենք: Ինչպիսի՞ ընդդիմություն էր Էդմոն Մարուքյանը:

Նրա կուսակցությունում, իհարկե, կարգին մարդիկ շատ կային: Մեր խնդիրը Էդմոն Մարուքյանն է՝ որպես կլասիկ քաղաքական գործիչ: Եվ այսպես․ Էդմոն Մարուքյան` իրավաբանական որեւէ բուհ չավարտած իրավաբան: Որպես անկախ պատգամավոր ԱԺ-ում հայտնվելուց հետո ռասկրուտկա է արվել հայտնի մեդիամագնատի ալիքներով եւ կայքերով, այդ թվում եւ Արման Բաբաջանյանի 1in.am կայքով: 2018թ. թավշյա ոչ բռնի ժողովրդական խեղկատակության օրերին հրաժարվել է դուրս գալ խորհրդարանից եւ պաշտպանել Նիկոլ Փաշինյանի աղանդավորական շարժումը: Փաշինյանի հաղթանակից հետո մասնակցել է 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Չնայած մեր բազմաթիվ պնդումներին` Էդմոն Մարուքյանը մինչ օրս էլ որեւէ մեկնաբանություն չի տվել այդ ընտրություններում իր ծախսած միջոցների մասին: Այդ պնդումն այսօր էլ ուժի մեջ է, որովհետեւ չենք կարողանում հասկանալ նրա գլխավորած քաղաքական ուժի ֆենոմենը, որ գրեթե նույնությամբ կրկնում է «Ելք» դաշինքի հաջողությունների շարքը: Եվս մեկ հարցական, որ Էդմոն Մարուքյանը մինչ օրս չի բացահայտել` ինչպե՞ս Արման Բաբաջանյանի նման երեւույթը հայտնվեց նրա ցանկում եւ մտավ խորհրդարան: Պարոն Մարուքյանը մի մասնավոր զրույցի ժամանակ ինձ առաջարկեց Բաբաջանյանից պարզել դա, բայց ես նրան ասացի, որ այդ պատմությունը ես լավ գիտեմ եւ սպասում եմ իր պարզաբանումներին:

Թե ինչով զբաղվեց Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում շուրջ 2 տարի, գիտեն բոլորը: Քաղաքական առեւտուր, մանր-մունր խարդավանքներ, եւ ամենակարեւորը` ամեն օր վիճում էր ԲՀԿ-ի հետ, թե իրենցից ով է ավելի ընդդիմադիր: Այնքան վիճեցին, որ վերջը Գագիկ Ծառուկյանը հայտնվեց դատախազի ձեռքում: Այս պատմությունը դեռ երկար էր շարունակվելու, եթե վրա չհասներ 2020թ. 44-օրյա պատերազմը, որ կտրուկ փոխեց Էդմոն Մարուքյանի զբաղմունքը: Ավելի ստույգ` զբաղմունքի բնույթը: Գլխատված ԲՀԿ-ն այլեւս մրցակից չէր նրա համար: Հայրենիքի փրկության շարժման օրերին Էդմոն Մարուքյանն արդեն դեգերում էր նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ, որ մարդ ես, եթե հանկարծ Նիկոլին հեռացնեին, ինքը հայտնվի նրա աթոռին: Մարուքյանի քաղաքական տերերը քաջալերում էին նրա այդ պազիցիան: Եվ պատահական չէր, որ երբ առաջարկվեց նոր վարչապետ ընտրել միացյալ ընդդիմությունից, Էդմոն Մարուքյանը հայտարարեց առաջադրվելու իր մտադրությունների մասին: Հայրենիքի փրկության շարժման` անարյուն իշխանափոխության այդ առաջարկը տապալվեց, կարելի է ասել, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Էդմոն Մարուքյանի եւ էլի մի քանի հոգու կողմից:

Ի վերջո որոշվեց, որ Փաշինյանը մնում է վարչապետ, բայց անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ` իբր իրավիճակը լիցքաթափելու համար: Էդմոն Մարուքյանը կրկին հայտնվեց անորոշության մեջ: Քաղաքական պատրոններն այլեւս չէին ֆինանսավորում, իսկ միակ բանը, որ նրա համար կարող էր անել նախագահ Արմեն Սարգսյանը, դա մի գովասանագիր տալն էր` ընդդիմությանը լավագույնս ապակողմնորոշելու համար: Էդմոն Մարուքյանը, որպես լուծարված խորհրդարանական խմբակցության ղեկավար, Նիկոլի հետ հայտնվեց նույն դաշտում, քանզի չէր ընդունվում նաեւ փողոցի ընդդիմության կողմից:

Ահա, այս պահից սկսած՝ Էդմոն Մարուքյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ սկսվեց մի սիրախաղ, որի մութ անկյունների բացահայտումը կարող է դառնալ եկող սերունդների հիմնական զբաղմունքներից մեկը: Այն մեզ հիմք է տալիս բավականին հեռուն գնացող հետեւություններ անել: Զորօրինակ, մի՞թե անկարեւոր է իմանալ, թե ինչու Էդմոն Մարուքյանն ու նրա ղեկավարած ուժը ներկայանալի քարոզարշավ չկազմակերպեցին հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում, չնայած այն հանգամանքին, որ հայտարարում էր հաղթելու մտադրության մասին: Կարո՞ղ եմ ես մտածել, որ Էդմոն Մարուքյանը, օրինակ, լուրջ գումար է ստացել Փաշինյանից` վերջինիս չխանգարելու համար:

Արդյոք այս նույն կարգավիճակում չէի՞ն Էդմոն Մարուքյանի երբեմնի խմբակից Արման Բաբաջանյանն ու տասնյակ այլ սատելիտներ, որոնք քարոզարշավը վերածեցին մի էշի հարսանիքի, որտեղ անհասկանալի դարձավ, թե որտեղով է անցնում դավաճան կապիտուլյանտների ու հայրենասիրական ուժերի միջեւ սահմանը: Կարո՞ղ է Էդմոն Մարուքյանն ինձ բացատրել, թե այդ ինչ քարոզարշավ էր անում ինքը` դատարկ բակերում, պատշգամբներին նայելով` բարձրախոսը ձեռքին: Հեյ գիտի 2018թ. քարոզարշավ` Էդմոնի մեծադիր պատկերներով ֆուրգոններ, գեղեցիկ երթեր, երաժշտություն... Ո՞վ էր տվել փողը, որ այս անգամ չտվեց...

Իսկ ապրել պետք է, անգամ սեփական կուսակցությունը զոհաբերելով: Ո՞ւր է «Լուսավոր Հայաստանն» այսօր: Կարո՞ղ եմ ենթադրել, որ Նիկոլն Էդմոնին վարձատրում է ճիշտ այնքան, որ վերջինս կարողանա միայն յուր գլուխը պահել: Էդմոնն էլ ծառայություններ է մատուցում` ճիշտ այն չափով, ինչքան վարձատրվում է:

Ո՞րն է Էդմոն Մարուքյանի հաջորդ հանգրվանը: Չեմ կարող ասել: Դրա համար դեռ պետք է իմանալ, թե էլ ինչի է ընդունակ սույն կլասիկ քաղաքական գործիչը:

Էդիկ Անդրեասյան, «Հրապարակ»