Նախ՝ բանավոր նախազգուշացում. Ալիևը սաստում է Իրանին

Իրավիճակ

ա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեսիջ է ուղարկել Իրանին՝ կապված իրանական կողմի զորավարժությունների հետ։

«Ինչ վերաբերում է մեր սահմանների մոտ անցկացվող զորավարժություններին, սա շատ անսպասելի իրադարձություն է: Քանի որ մեր անկախության 30 տարիներին նման իրադարձություններ չեն եղել։ Նախ պետք է ասեմ, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում: Սա նրա ինքնիշխան իրավունքն է: Ոչ ոք նրան ոչինչ չի կարող ասել: Բայց երբ սա վերլուծում ենք ժամանակային առումով, տեսնում ենք, որ դա երբեք տեղի չի ունեցել: Ինչո՞ւ հիմա եւ ինչո՞ւ մեր սահմանների մոտ»,-հարց է ուղղել Ալիեւը «Անադոլու»-ին տված հարցազրույցում:

Խոսելով ադրբեջանական ուժերի կողմից վերահսկվող Գորիս-Կապան (Հայաստան) ճանապարհահատվածում իրանական բեռնատարների հետ կապված իրավիճակի մասին՝ Ալիեւն ասել է, որ  տիրապետում է այդ տեղեկությանը՝ ընդհուպ մինչեւ այդ բեռնատարների համարանիշների վերաբերյալ։

«Մենք հույս ունեինք, որ սա կավարտվի: Սակայն օգոստոսի 11-ից սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մոտ 60 իրանական բեռնատարներ անօրինական ճանապարհով մեկնել են Ղարաբաղ: Դա կանխելու համար մենք անցանք գործնական քայլերի: Մեր վարքագիծն ու գործողությունները հիմնված են բարեկամական հարաբերությունների վրա: Առաջին անգամ՝ բանավոր նախազգուշացում, երկրորդը` պաշտոնական գրություն, երրորդը` անցակետեր, մաքսատուն, սահման, ոստիկանություն: Այսպիսով, մենք սկսեցինք վերահսկել Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհը, իսկ հետո դեպի Ղարաբաղ ուղեւորվող բեռնատարների թիվը նվազեց։ Տեսնու՞մ եք, արդյոք անհրաժեշտ էր դրան հասցնել։ Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում ապրում է 25 հազար մարդ: Արդյո՞ք այս առեւտուրն այնքան կարեւոր է, որ դուք բացահայտ անհարգալից վերաբերմունք եք ցուցաբերում այն ​​երկրի նկատմամբ, որը դուք համարում եք բարեկամական եւ եղբայրական»,-Իրանի իշխանությանը սաստել է Ալիեւը։