Ռուսական բանակը Երևանում հաստատվելով՝ սպանում ու ձերբակալում էր կառավարության անդամներին, անվանի զինվորականներին և մտավորականներին

Մանրամասներ

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի 1-ին Հանրապետության վիճակը ծանրացավ, և արդյունքում հրաժարական տվեց Համազասպ Օհանջանյանի կառավարությունը։ Նոր կառավարություն ձևավորվեց, որի ղեկավար դարձավ Սիմոն Վրացյանը։ Սակայն այս կառավարությունը երկար կյանք չունեցավ, քանի որ օրեր անց` դեկտեմբերի 2-ին, Հայաստանը հռչակվում է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն։

Հայաստանում նոր իշխանությունն ընդունվեց առանց որևէ հատուկ դիմադրության։ Խորհրդարանի անդամների և նախարարների մի մասը հեռացավ Երևանից հենց դեկտեմբերի 2-ին։ Նրանք փորձում էին հեռանալ դեպի Վրաստան, սակայն նրանց մի մասը ճանապարհին ձերբակալվեց և բերվեց Երևան։

Արդեն իսկ դեկտեմբերի 4-ին Երևան ժամանեց նոր կառավարությունը` Սարգիս Կասյանի գլխավորությամբ։ Դրանից երկու օր անց Երևանի փողոցներում հայտնվեցին ռուս-խորհրդային բանակի զինվորները, որոնք վախի մթնոլորտ տարածեցին Երևանի փողոցներում։ Այդ օրերի և դեպքերի մասին մանրամասն գրում է Ալեքսանդր Խատիսյանը, ով Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետն էր և առաջին արտգործնախարարը։ Խատիսյանը մասնավորապես գրել է.

«Դեկտեմբերի 6-ին Երեւան մտան ռուս-խորհրդային բանակի առաջին զօրամասերը։ Ես ականատես էի այդ տեսարանին իմ բնակարանի պատուհանէն, որ կը  գտնուէր Երեւանի գլխաւոր` Աբովեան փողոցին վրայ, ուրկէ  կ՛անցնէին զօրքերը իջնելով Քանաքեռ գիւղէն եւ ուղեւորուելով նախկին Խորհրդարանի շէնքը, որուն առջեւ տեղի ունէր գրեթէ մնայուն միտինգ։ Ինչպէս հին ցարական օրերուն` վաղ առաւօտուընէ նոր կառավարութեան պաշտօնեաները տունէ տուն անցնելով` կը հրամայէին պատուհաններու եւ պատշգամբներու վրայ կախել գորգեր եւ որեէ կարմիր կտոր։ Նոյնպիսի կարգադրութիւն եղաւ եւ իմ տիրոջը։

Ժամը 4-ին երեւացին զօրքերը, որոնց ընդառաջ գացին Դրօն եւ քաղաքապետը։ Զօրքերը երկու տեսակ էին, կազակներ եւ թնդանօթաձիգ զօրամաս։ Անոնք յոգնած դէմք ունէին, հագուած էին վատ։ Առանց միջադէպերու անցան  գացին վաղօրօք պատրաստուած մասնաւոր բնակարանները։

Ժողովուրդը վախէն փողոց չէր դուրս գար։ Մայթերու վրայ կանգնած էին խումբերով պատանիներ եւ քանի մը երիտասարդներ կարմիր նշաններով։ Ինչպէս Պուշկինը «Պորիս Գոդունովի» մէջ ըսած է «ժողովուրդը լուռ էր»։ (Հատվածը վերցված է Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» գրքից։ Երևան, 1968 թվական, էջ 319)։

 

Հատկանշական է, որ Երևանի բնակչության համար անսովոր ու սարսափելին ռուս զինվորականների ուղղակի ներկայությունը չէր։ Զինվորականները կառավարության առաջնային ծրագրերի կատարողներն էին։ Կառավարության առաջին գործը եղավ Երևան եկած կառավարության նոր անդամների համար բնակարաններ գտնելն ու դրանք նախկին տերերից ազատելն էր.

«Կառավարութեան առաջին գործը եղաւ` կազմել «բնակարանների բռնագրաւման յանձնախումբ»։ Նոր եկածներու համար պէտք էին բնակարաններ։ Սկսաւ բնակարաններէ արտաքսումը եւ «սեղմումը»։ Եկած նոր պաշտօնեաները ուղղակի կ՛իջեւանէին տուներու առջեւ, անմիջապէս կը սկսէին դուրս քաշել սենեակներու ապրողները։

Յետոյ սկսաւ պաշարեղէնի բռնագրաւումը։ Ազգաբնակութիւնը խուճապի մէջ ինկաւ։ Քաղաքին մէջ սկսան տարածուիլ ամէն տեսակ լուրեր։ Անմիջապէս հաստատուեցաւ  Չեկա` Այվազեանի ղեկավարութեամբ»։ (Նույն տեղում` էջ 319):

Դեկտեմբերի 6-ին Երևան ժամանած 11-րդ կարմիր բանակի զինվորները զանգվածային բռնագրավումներ իրականացնելուց հետո սկսում են իրականացնել նաև ձերբակալություններ։ Բոլշևիկների առաջին հարվածն ուղղված էր մտավորականներին և զինվորականներին։ Արդյունքում՝ Երևանում հաստատվելուց հետո մի քանի ամսվա ընթացքում նրանք սպանում և ձերբակալում են Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության անդամներին, մտավորականներին և անվանի զինվորականներին։ Այս ամենի հետևանքով Հայաստանը հայտնվում է ծանր վիճակում, չնայած գտնվում էր մեծ գերտերության կազմում։ Մոտ 70 տարի մնալով Խորհրդային Միության կազմում,  հայ մարդը կարողանում է պահպանել իր ինքնությունն ու ազգային դիմագիծը։ Դրա վառ ապացույցն այն է, որ այժմ չկա Խորհրդային Միությունը, փոխարենը՝ կա հայ մարդը և Հայաստան պետությունը։ Կրկնվող պատմությունը ցույց է տվել, որ ծանրագույն իրավիճակներում անգամ ինչ-որ պահի հայ մարդու համար լույսը վառվում է ամենաանսպասելի տեղից։

Զ. Շուշեցի, 168․am