Ալիևն ու Փաշինյանն իրար ընդառաջ քա՞յլ են անում. Regnum

Մանրամասներ

1

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադառնում է Հարավային Կովկասում, Արցախյան երկրորդ պատերազմից հետո, ստեղծված իրավիճակին ու դիվանագիտական դաշտում նոր զարգացումներին:

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Նրանք հայտնել են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի միջև: Համանախագահները սկզբում առանձին հանդիպել են արտգործնախարարների հետ, ապա նրանց հետ համատեղ հանդիպում անցկացրել: Բանակցություններին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ, որոնք տեղեկացվել են վերջին մեկ տարվա ընթացքում գործադրված ջանքերի, ինչպես նաև տարածաշրջանում վերջին զարգացումների մասին: 

Մեկնաբանելով բանակցությունները՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարություններն ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր իրողությունները:

«Համանախագահները ողջունում են արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ ի նշան երկու երկրների վճռականության՝ խաղաղության գործընթացը վերսկսելու ուղիղ երկխոսության միջոցով՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովմանը»,- ուշադրություն են հրավիրել միջնորդները: Նշվում է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկել է «հատուկ նպատակային միջոցառումներ՝ իրավիճակի նվազեցման և հետագա հնարավոր քայլերի համար»: Բայց մասնավորապես ի՞նչ միջոցառումներ:

Բաց է մնում հարցը, թե ինչպես և ինչ պայմաններում է Մինսկի խումբը վերսկսել միջնորդական առաքելությունը՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Պարզ է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումն ու բանակցությունները տեղի չէին ունենա, եթե կողմերը համաձայնության չգային ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը նախկին ձևաչափով վերսկսելու անհրաժեշտության շուրջ: Սա հստակորեն ցույց է տալիս, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսում է գործնական ուրվագծեր ընդունել: Ակնհայտ է, որ միջազգային միջնորդները հակամարտության կողմերին կոչ են անում հանել Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի բոլոր սահմանափակումները, ինչպես նաև կատարել նոյեմբերի 9-ի հրադադարի հռչակագրի համաձայն ստանձնած պարտավորությունները: Անհասկանալի է՝ հակամարտության կարգավորման նախկին պայմանները դեռ ուժի մեջ են, թե՞ ինչ-որ նոր բան է առաջարկվել, և նշմարվել է բանակցությունների կոնկրետ ներուժ:

Խոսքը, հավանաբար, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին է: ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը կարող է կապված լինել կուլիսային որոշակի գործընթացների հետ, որոնք կապված են արտաքին խաղացողների, առաջին հերթին`Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերի հետ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներից հետո Ռուսաստանը հայտնվել է առաջին պլանում: Հրադադարի ռեժիմում որոշիչ դեր է խաղացել Մոսկվան: Եվ հենց 2021 թվականի հունվարին Ռուսաստանի մայրաքաղաքում է նախանշվել կոնֆլիկտային տարածաշրջանի տնտեսության և ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից՝ համարելով, որ այն պետք է շարունակի իր աշխատանքը՝ լուծելու հակամարտությունը, փախստականների խնդիրները, իրականացնելու խաղաղարար առաքելությունը և ապաշրջափակելու տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Այս իմաստով Մոսկվան վարել է հավասարակշռման քաղաքականություն, և նրա դիրքորոշումը համերաշխ է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշման հետ, ըստ որի՝ «ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, և այդ կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշումից հետո»:

Երևանը համերաշխ է այս մոտեցման հետ: Բաքուն դեմ է արտահայտվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտությունն այլևս գոյություն չունի», ինչը նշանակում է, որ Մինսկի խմբի գործունեության կարիքը չկա: Բայց այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, վկայում է Բաքվի դիրքորոշման փոփոխությունների, Հայաստանին ևս ձեռնտու ինչ-որ փոխզիջումային լուծման ի հայտ գալու մասին: Հակառակ դեպքում բանակցությունները, ինչպես նաև Մինսկի խմբի գործունեության վերսկսումը տեղի չէին ունենա: Ավելին, այս գործընթացը ձեռք է բերում որոշակի ներքին արժեք՝ վկայելով Բաքվի՝ Վաշինգտոնի և Փարիզի նկատմամբ առճակատման սցենարով չգործելու պատրաստակամության մասին:

Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբում պառակտում չեղավ, և համանախագահող երկրները շարունակում են իրենց ձևաչափով քննարկել «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումն իրենց գործողությունների համակարգման շրջանակներում»: Հետևաբար, կա այնպիսի զգացում, որ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի նոր պայմանները կրում են փաթեթային բնույթ. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարգավիճակը և, հնարավոր է, Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակը, գումարած համաձայնություն Բաքվի և Երևանի միջև՝ դադարեցնել պատերազմական իրավիճակը, կապի միջանցքների ստեղծումը, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև՝ հայկական տարածքով: Պատահական չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճերի ժամանակ, հայտարարել է Երևանի պատրաստակամության մասին «կառուցողական երկխոսության համար, որը հնարավոր կդարձնի երկարաժամկետ և կայուն խաղաղություն տարածաշրջանում»: Նա նաև սահմանել է «տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը, ինչը ասված է եռակողմ հայտարարության 9-րդ պարբերությունում (ստորագրվել է Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին) և  2021 թվականի հունվարի 11-ի hայտարարության մեջ»: Դրա համար անհրաժեշտ է սկսել այսպես կոչված բովանդակային բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ`ելնելով խնդրի համապարփակ խաղաղ կարգավորումից:

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները սկսել են այս գործընթացը, թեև դեռ դժվար է ասել, թե որքանով արդյունավետ կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային նոր փուլը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Նախագծված են միայն զուսպ լավատեսության իրական հիմքերը»: