Չես ուզում պատվաստվել, հոկտեմբերի 1-ից գործազուրկ կդառնաս կամ ամիսը 30 հազար դրամ կվճարես

Մանրամասներ

1

Եվ այսպես․ չես ուզում պատվաստվել, հոկտեմբերի 1-ից գործազուրկ կդառնաս կամ էլ գործ ունենալու համար ամիսը 30 հազար դրամ կվճարես։ Այս իրավակարգավորումը գործելու է անխտիր բոլորի նկատմամբ, անկախ հիմնարկի իրավակազմակերպչական ձեւից` թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի, թե՛ մասնավոր, թե՛ պետական համակարգի աշխատակիցների համար, բացառությամբ պատգամավորների, դատավորների, կառավարության բարձրաստիճան չինովնիկների:

Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասաց, որ իրեն զարմացնում են այն մարդիկ, որոնք ո՛չ պատվաստվել են ուզում եւ ո՛չ էլ ուզում են ամիսը երկու անգամ վճարել ՊՇՌ թեստի համար։ «Մարդկանց համար ամենեւին որեւէ լրացուցիչ ծախս չի սահմանվում․․․ պետությունը հոգում է, որ բոլոր մարդիկ բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ չանի»։ Վարչապետի այս խոսքը հնչեց որպես շանտաժ։ 

Հիշեցնենք, որ երեք օր առաջ համավարակի հարցերով խորհրդակցության ժամանակ վարչապետը հանձնարարել էր շահագրգիռ պետական կառույցներին, որ յուրաքանչյուրն իր մասով ապահովի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի կիրարկումը: 

Ո՞ր մարմիններն են դրանք, եւ ի՞նչ միջոցներով է իրականացվելու վերահսկողությունը։ 
Առողջապահության նախարարության խոսնակը տեղեկացրեց, որ հսկողությունն իրականացնում է առողջապահական տեսչական մարմինը։ «Ոստիկանությունը որեւէ առաքելություն ունի՞ գործատուներին եւ քաղաքացիներին վերահսկելու գործում» հարցին խոսնակը պատասխանեց․ «Ոստիկանությունը՝ ոչ։ Տեսչական մարմինն է տույժ- տուգանքի տեսքով վերահսկողություն իրականացնում»։ 

Սա բարի լուր է քաղաքացիների համար։ Փաստորեն, Նիկոլի ոստիկանները չեն կարող, օգտվելով առիթից, մտնել հիմնարկներ եւ պատվաստումների տեղեկանքներ կամ թեստեր պահանջել գործատուներից, այնպես, ինչպես անում էին լրատվամիջոցների նկատմամբ` համաճարակի առաջին փուլում կամ պատերազմի ժամանակ, երբ տեղեկատվական սահմանափակումներ էին մտցվել: Անգամ խմբագիրների տուն էին գիշերով գնում:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը 340 աշխատող ունի։ Անգամ եթե նրանք բոլորը, առավոտից ընկած հիմնարկները, գործատուներից բոլոր աշխատողների համար տեղեկանքներ կամ վակցինացիայի հավաստագրեր պահանջեն, միեւնույն է, չեն հասցնի ստուգել բոլոր հիմնարկները։ 

Այս մարմնի պաշտոնական կայքէջում պարբերաբար հաղորդագրություններ են տեղադրվում այն մասին, թե ինչ ուժեղացված հսկողություն է իրականացվում Երեւանում եւ մարզերում, օրական կատարված ստուգայցերի թվերն են հրապարակվում, որոնց մասնակցում է նաեւ ոստիկանությունը։ Բայց խանութներում, մետրոյի կայարաններում, տրանսպորտում, մարդաշատ վայրերում այդ ակտիվությունը սովորական աչքով այնքան էլ տեսանելի չէ։ Ի՞նչ է անելու տեսչական մարմինը հոկտեմբերի 1-ից, երբ նոր կարգավորումն ուժի մեջ մտնի։ 

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին հարցրինք, թե պատրա՞ստ է արդյոք մարմինը նման ծանրաբեռնվածության, ինչպե՞ս է պատրաստվում ստուգել ՀՀ բոլոր գործատուներին, պետական ու սեփական հիմնարկներին։ «Հոկտեմբերի 1-ից միայն մենք չենք ստուգելու, նաեւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնն է ներգրավվելու։ Մենք հիմա էլ ենք վերահսկողություն իրականացնում՝ ստուգայցեր, նախկինում նաեւ մշտադիտարկում էինք իրականացնում։ Իսկ հոկտեմբերի 1-ից ավելանում է հակահամաճարակային եւս մեկ կանոն՝ պատվաստումների եւ ՊՇՌ թեստերի հետ կապված»,- ասաց նա։ 

Ընդամենը մեկ կանոն է ավելանում, բայց ի՞նչ ռեսուրսով, ինչպե՞ս են կարողանալու ստուգել հազարավոր գործատուներին։ Այս հարցը Հակոբ Ավագյանը վերահասցեագրեց խոսնակ Գայանե Խաչատրյանին։ Վերջինս հայտնեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կարգավորման հետ կապված՝ տեսչական մարմնի աշխատակազմը չի ավելանալու։ 
Մեր տեղեկություններով, գործատուներին վերահսկելու ուղղությամբ մեծ դեր է կատարելու հիվանդությունների վերահսկման կենտրոնը: Այն գործատուներից տեղեկություններ է ստանալու, թե որ հիմնարկը քանի պատվաստված աշխատող ունի, եւ այն հիմնարկները, որտեղ նման անձանց քանակը շատ է, այցելելու են տեսուչները: 

Ըստ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի, որը գործատուների գլխավոր տուգանողն է լինելու, ստուգայցերն իրականացվում են նախօրոք մեկ օր առաջ պլանավորումով։ Ֆիզիկական անձինք առաջին անգամ տուգանվելու են 10-20 հազար դրամ, իսկ իրավաբանական անձինք՝ 40-120 հազար դրամ։ «Առաջին հերթին ընդգրկվում են ռիսկային տնտեսվարողները, այսինքն՝ եթե ստանում ենք տեղեկատվություն, որ տվյալ հաստատությունում կան կորոնավիրուսային վարակի 3 եւ ավելի դեպքեր։ Բացի այդ, ընտրվում են ավելի մարդաշատ վայրերը, օրինակ՝ առեւտրի կազմակերպությունները»,- ասել էր ԱԱՏՄ ներկայացուցիչը՝ «Հրապարակի» հարցերին պատասխանելով։ 

Կարելի՞ է հասկանալ, որ այն տնտեսվարողները, որոնք չեն ունեցել վարակի դեպքեր կամ երեքից պակաս են ունեցել, առաջնահերթ կարգով չեն ստուգվելու։ «Ոչ, դա չի նշանակում, որ մյուս տնտեսվարողների մոտ այց չի լինի։ Որեւէ ձեւով այցերը սահմանափակված չեն։ Նախապես մեկ ամսվա ծրագիր չի կազմվում»,- ասում են տեսչությունից։ 

Մեզ հետաքրքրեց, թե ինչ են անելու այն քաղաքացիները, որոնք մասնակցում են զորավարժանքների։ Այժմ զորահավաք է ընթանում, եւ հասկանալի չէ՝ մասնակիցներն անվճա՞ր են թեստավորվելու, թե՞ նրանք էլ պետք է վճարեն զորավարժություններին մասնակցելուց առաջ։ ՊՆ-ից մեզ պատասխանեցին, որ զորահավաքը տեւելու է մինչեւ նոյեմբերի 15-ը։ «Քանի որ առողջապահության նախարարի հրամանի մեջ գրված է, որ ուսանողների վրա դա չի ազդում, իսկ զորահավաքի մասնակիցները մասնակցում են ուսումնական վարժանքների, նրանց դիտարկում են որպես ուսանող, եւ նրանց համար հոկտեմբերի 1-ից գործող կարգավորումը չի ազդում»։ 

ՀԳ․ Առողջապահության տեսչական մարմինն իրավունք չունի հոկտեմբերի 1-ից վերստուգել տնտեսվարողներին։ Այս մարմնի գործողությունները հակաօրինական են։ Եթե Սահմանադրություն կոչվող թուղթը Հայաստանում դեռ գործում է, ապա, ըստ դրա 6-րդ հոդվածի, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը չունի օրենք աշխատողների պարտադիր պատվաստման մասին։

Փաստորեն, Փաշինյանի կառավարությունն ուզում է դրակոնյան մեթոդներ կիրառել՝ չունենալով ո՛չ անձնակազմ, ո՛չ ստուգման հստակ մեխանիզմներ, ո՛չ էլ իրավական հիմք։ Հետեւապես, կարող ենք կանխատեսել, որ առաջնահերթ ստուգվելու են այն տնտեսվարողները, որոնք հաճելի ու ցանկալի չեն դրակոնյան կառավարության համար՝ քաղաքական հակառակորդները, մամուլը, իշխանությանը քննադատողները։

«Հրապարակ»