«Չկա Սյունիք, Զանգեզուր է»․ Ադրբեջանում նոր ուստարին այսպես է մեկնարկել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանում 1-4-րդ դասարանների աշակերտների համար սկսվեց նոր ուսումնական տարին: Տարրական դասարաններում այս ուստարում այդ երկրում կսովորի 158.000 աշակերտ:

Ադրբեջանցի աշակերտները նոր ուսումնական տարին սկսել են հայատյացության նոր չափաբաժնով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, թշնամի երկրի դպրոցներում առաջին դասը նվիրված էր լինելու «Ղարաբաղը Ադրբեջան է» թեմային:

Բացի դրանից, ըստ նրա, Կրթության նախարարությունը ներկայացրել է նոր դպրոցական առարկա 2020 թվականի Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի վերաբերյալ, որը դասավանդվելու է 2021-2022 ուսումնական տարվանից բոլոր 9-րդ դասարանցիների համար՝ շուրջ 132.881 մարդ:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ ակնառու դարձավ Ադրբեջանում երեխաների շրջանում դեռ վաղ մանկությունից արմենաֆոբիայի, այդ երկրի՝ մեր պետության ու ազգի նկատմամբ շարունակական թշնամության դրսևորման, ուժի սպառնալիքի ներգործության առարկայական դրսևորումը:

Սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում են լուսանկարներ այն մասին, թե ինչպես են Ադրբեջանում սկսել նոր ուստարին:

Այս լուսանկարում ադրբեջանցի 7-8 տարեկան կամ միգուցե ավելի փոքր երեխայի ձեռքին պաստառ է՝ վրան գրված՝ «Չկա Սյունիք, Զանգեզուր է»:

Սա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգի ուղիղ իրականացումն է, որի կատարումը սկսել են ամենաստորին օղակից:

Հիշեցնենք, որ թշնամի երկրի նախագահը հրահանգել էր առհասարակ իր երկրում չկիրառել Հայաստանի տարածքների հայկական անվանումները, այլ դրանք փոխարինել դրանց ադրբեջանական համարժեքներով՝ դրանով իսկ պարզ ասելով, որ ինքը հավակնություններ ունի Հայաստանի բոլոր տիտղոսային տարածքների նկատմամբ:

Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում այն գովազդային արշավների վրա, ըստ որի՝ ՀՀ-ում գտնվող քաղաքներն ու գյուղերը բոլորն անխտիր ադրբեջանական են։ Արդեն իսկ գովազդները շրջանառվում են տարբեր հարթակներում, տարբեր երկրների մետրոներում, ավտոբուսներում, փողոցների մեծ էկրաններին, կինոթատրոններում, տարբեր երկրների լրատվական կայքերի նյութերի վերևում, ներքևում կամ այլ տեղերում։

Այս լուսանկարները, օրինակ, արված են Բաքվի մետրոյում:

Նման օրինակները բազմաթիվ են, և անձամբ Իլհամ Ալիևն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց հաղթանակը վերջին պատերազմում կերտել է այն սերունդը, ում մեջ դեռ մանկությունից հայատյացություն է սերմանվել:

Ավելին՝ սկզբնաղբյուրում