Ռուսաստանում չեն վստահում Նիկոլ Փաշինյանին․ Վիդեո

Մանրամասներ

1

Ռուսաստանում դրական չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպման գաղտնի առաջարկը Թուրքիայի նախագահին, հատկապես, որ այն արվել է Վրաստանի վարչապետի միջոցով, քանի որ Վրաստանի և Ռուսաստանի միջև լարված հարաբերություններ են: Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում հայտարարել է քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը և հավելել, որ եթե այդ առաջարկն արվեր ռուսական կողմի միջոցով, միգուցե դա այլ կերպ ընկալվեր:

Իսկ թե ինչու՞ է հանդիպման առաջարկն արվել Վրաստանի միջոցով, զրուցակիցը մեկնաբանեց, որ Վրաստանն ամենապրոարևմտյան երկիրն է տարածաշրջանում, որտեղ շատ ուժեղ են Թուրքիայի դիրքերը.

«Այն թուրք-ադրբեջանական տանդեմի սատելիտն է տարածաշրջանում՝ տնտեսական և Ռուսաստանի հետ կոնֆլիկտի պատճառով»,-ասաց Խալաթյանը:

Փորձագետն ընդգծեց, որ Ռուսաստանի իշխանությունը չի վստահում Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, քանի որ չեն մոռանում նրա և թիմակիցների նախկինում արված հակառուսական հայտարարությունները և քայլերը.

«Նրանք համոզված են, որ այս իշխանությունները ցանկացած հարմար պահի փորձելու են «քցել» Ռուսաստանին, այս հանդիպման առաջարկը հենց այդ գործողությունների հանդիպման շրջանակում է տեղավորվում»,-ասաց Հայկ Խալաթյանը:

Նա միևնույն ժամանակ ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը ևս չի վստահում Ռուսաստանին, քանի որ վախենում է, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխության փորձ է ձեռնարկելու՝ իր համար ավելի վստահելի իշխանություն բերելու համար.

«Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր քաղաքականություն է վարում Ռուսաստանի հանդեպ, նրան թվում է, թե հաջողությամբ կավարտի դա, բայց ես համոզված եմ, որ դա բերելու է շատ լուրջ խնդիրների՝ ոչ միայն իր, այլ նաև՝ Հայաստանի համար»,-ասաց Խալաթյանը:

Վերջինիս արձանագրմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից իր քայլերով ուժեղացնում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի հատկապես անվտանգության ոլորտում, մյուս կողմից՝ նա ամեն ինչ անում է, որպեսզի թուլացնի Ռուսաստանի հնարավորությունները ՝Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար.

«Նա այս ամենն անում է, որպեսզի հետագայում կարողանա Ռուսաստանի հետ շանտաժի լեզվով խոսի և ասի՝ եթե ես չլինեմ, միակ այլընտրանքը լինելու են հակառուսական ուժերը, եկեք, համագործակցեք ինձ հետ»,-ասաց զրուցակիցը:

Ըստ փորձագետի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց սկսելուն խանգարում է Արցախի կարգավիճակի հարցը, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանը ցանկանում է Արցախի կարգավիճակի հարցը փակել, իսկ ռուսական կողմը ցանկանում է Արցախի կարգավիճակի հարցն առկախ պահել.

«Ռուսաստանը ցանկանում է սահմանագծման աշխատանքներ անել, որպեսզի կարիք չլինի այլևս արձագանքել սահմանին տեղի ունեցող միջադեպերին, քանի որ ինչ գործողություն էլ ռուսական կողմն անում է, այն բացասաբար է ընդունվում թե՛ հայ, թե՛ ադրբեջանական հասարակության շրջանում, նաև ցանկանում է, որ Արցախի կարգավիճակը անորոշ մնա, որպեսզի Ադրբեջանի վրա ազդելու լծակ ունենա»,-ասաց Հայկ Խալաթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում