Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրերի ընթացքում կունենանք մոտ 5930 նոր դեպք․ ԱՆ աշխատակից

Մանրամասներ

1

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախ անդրադարձավ Հայաստանում առկա համաճարակային իրավիճակին, որն ըստ նրա՝ այս պահին լարված է։

«Վերջին 14 օրվա տվյալները համեմատած նախորդ 14 օրվա հետ՝ ցույց են տվել, որ ունենք 18 տոկոս դեպքերի աճ, ունենք բարձրացում նաև դրական թեստերի մասնաբաժնի՝ ընդհանուր թեստավորված անձանց մեջ այն կազմում է 11.1 տոկոս։ Վարակի վերարտադրողական ցուցանիշը, որը ցույց է տալիս վարակի տարածվածության տեմպերը, աճելը, 7 օրվա հաշվարկով արդեն ունենք 1.2 վարակի վերարտադրողական ցուցանիշ, ինչը նշանակում է՝ եթե չձեռնարկենք միջոցառումներ, ապա առաջիկա 7 օրերի ընթացքում մոտավորապես կունենանք 5930 նոր դեպք։ Այս դեպքերից մոտավորապես 30 տոկոսը կհոսպիտալացվեն, իսկ հոսպիտալացվածների 3 տոկոսը, ցավոք սրտի, կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք»,- ասաց ԱՆ աշխատակիցը։

Անդրադառնալով նոր կարգին, որը գործելու է հոկտեմբերի 1-ից, Ռոմելա Աբովյանն ասաց, որ հիմնական նպատակը վարակի տարածումն ու հիվանդության մահվան ելքերը կանխելն է․

«Պատվաստման գործընթացում որոշակի ակտիվություն արդեն նկատվում է, շատ կազմակերպություններ կազմակերպված ձևով դիմում են, պատվաստվում են, հուսով ենք, որ ապագայում կունենանք բավականին լուրջ ցուցանիշներ, և նորից ուզում եմ նշել, որ այս պատվաստումները կարող են թույլ տալ կառավարել այս վիրուսը․․»։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանն էլ ներկայացրեց, թե ինչ իրավական նորմեր են գործելու, եթե քաղաքացիները հրաժարվեն պատվաստվել և թեստավորվել․

«Ստուգայցերն իրականացվելու են 1 օր առաջ պլանավորելով, այսինքն՝ նախորդ օրը պլանավորվում է, թե ո՞ր տնտեսվարողի մոտ պետք է իրականացվեն ստուգայցեր։ Առաջին հերթին ընդգրկվում են ռիսկային տնտեսվարողները։ Եթե մենք ստանում ենք տեղեկություն, որ տվյալ կազմակերպությունում կան կորոնավիրուսային վարակի 3-ից ավելի դեպք, բացի դրանից, ընտրվում են նաև ավելի մարդաշատ վայրերը, օրինակ՝ առևտրի կենտրոնները, բայց դա չի նշանակում, որ մնացած կազմակերպությունները չեն վերահսկվելու և ստուգայցեր այնտեղ չի իրականացվելու։ Ստուգայցերը պատահական են, որևէ մեկը տեղյակ չէ, թե որ գործատուի մոտ պետք է լինի այդ ստուգայցը, ստուգվելու են բոլոր պահանջները, որոնք ներառված են նախարարի հրամանում, և որևէ պահանջի խախտման դեպքում, բնականաբար, տնտեսվարողն արդեն ենթարկվում է տուգանքի․․․ Տուգանքի որոշումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջին անգամ հայտնաբերման դեպքում 10.000-20.000 դրամ է, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվում է 40.000-120.000 դրամ տուգանքի չափ»։

Աննա Հարությունյանը նաև հավելեց, որ 1 օրվա ընթացքում կարող է տվյալ տնտեսվարողի մոտ 2 անգամ ստուգայց իրականացվել, և  որևէ սահմանափակում չկա այդ ստուգայցերի անցկացման առնչությամբ․

«Դա կախված է նրանից, թե տվյալ գործատուի մոտ քանի խախտում է հայտնաբերվել, եթե խախտումները շատ են, և տրվել է կարգադրագիր, որ պետք է վերացնեն խախտումները, բնականաբար, այնտեղ կրկնակի ստուգայցեր են իրականացվում, որպեսզի պարզենք, թե ինչքանով է կատարված մեր կարգադրագրի պահանջները․․․»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստումն անվճար է, իսկ ՊՇՌ թեստի համար, որն արժե 15.000 դրամ, աշխատողը պետք է սեփական գրպանից վճարի: Նախարարի հրամանով՝ բոլոր տնտեսվարողները պետք է վարեն գրանցամատյաններ, որտեղ պետք է նշվեն աշխատակիցների պաստվաստված լինել-չլինելու, ՊՇՌ թեստ ներկայացրած լինել-չլինելու, կամ պատվաստվելու հակացուցումների մասին տեղեկությունները: Աշխատակցի չպատվաստվելու կամ ՊՇՌ թեստ չհանձնելու դեպքում էլ տուժելու է գործատուն՝ տուգանքներ վճարելով: