Պետության համար մի չոփ վերցրել-դրե՞լ է. Արարատում թեժ է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Իշխանությունը շտապում է ազատվել անցանկալի համայնքապետերից եւ մարզերում հաստատել իր իշխանությունը։ Այդ նպատակով ԱԺ է ուղարկվել լայնամասշտաբ խոշորացման նախագիծ։ Ծրագրում 441 համայնքների միավորումն է՝ 37 համայնքում:

Ուշագրավ է, որ անցյալում Փաշինյանը քննադատում էր խոշորացումը` հայտարարելով, թե դա արվում է քաղաքական նպատակներով, իսկ իրենք չեն գնալու այդ ճանապարհով, հիմա ասվում է. «2011 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից...»: 

2016-ի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է 54 համայնք:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը բացատրեց, թե ինչու են որոշել գնալ «նախկին Խորհրդային Միության մոդելով»․ «Առաջին հերթին կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակ է հետապնդում, մյուս կողմից՝ մեր ազգաբնակչության հիշողության մեջ դեռ թարմ է Սովետական Միության ժամանակ վարչատարածքային բաժանումը, եւ այն թաղային հայրենասիրությունը, որ կա, թե ինչու մեր գյուղը միանա մեկ ուրիշ գյուղին եւ այլն, հետին պլան է մղվում, որովհետեւ փոքր խոշորացման մասին չէ խոսքը, այլ՝ շրջանի, եւ մարդիկ հոգեբանորեն ավելի խաղաղ են ընդունում»։

Աղազարյանի խոսքով, շրջանային կառավարման դեպքում կառավարման պատասխանատվությունն է նաեւ թիրախավորված դառնալու, «որովհետեւ առաջադրվելու են կուսակցություններ, անձերի դերակատարությունը չնսեմացնելով, այդուհանդերձ՝ կուսակցություններն են պատասխանատվություն ստանձնելու»։ Նա համաձայն չէ, թե սա համայնքները զավթելու ծրագիր է․ «Ընտրովի պաշտոններ են, կապրենք-կտեսնենք, թե ովքեր են ընտրվում։ Բայց պետք է հասկանալ, որ ով էլ ընտրվի, պետք է աշխատի օրվա իշխանության հետ»։

Հովիկ Աղազարյանը ե՞րբ է խելքը գլխին բան ասել

Չնայած համայնքներում կողմ չեն խոշորացմանը, բայց ձեռքերը ծալած չեն նստել։ Տեղեկացանք, որ, օրինակ, Արարատի մարզի համայնքապետերը պատրաստվում են կռիվ տալ։ Առաջիկայում կգրանցեն «Հզոր համայնք» կուսակցություն, որով էլ կմասնակցեն ընտրություններին։

Նշենք, որ Արարատի մարզը, ըստ նախագծի, բաժանվելու է 4 շրջանի՝ Վեդի, Արարատ, Արտաշատ, Մասիս։ Ի դեպ, սովետական մոդելով Վեդիի շրջան չի եղել, Վեդի քաղաքն ու հարակից համայնքներն ընդգրկված են եղել Արարատի շրջանում, սակայն Նիկոլ Փաշինյանն ընդառաջել է կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին եւ նրա վրայով շրջան է «կարել», քանի որ ձախողված մարզպետը որոշել է շրջանի ղեկավարը դառնալ։ Եթե Վեդիի եւ Արարատի շրջանները միավորվեին` խոշոր շրջան լիներ, նա հաստատ չէր ընտրվի, իսկ Վեդիի շրջանի կազմում այնպիսի համայնքներ են ընդգրկել, դիցուք` նրա ծննդավայր Նոր Կյանք գյուղը, որոնք մեծացնում են նրա ընտրվելու շանսերը։ Ինչպես ՀՀԿ-ն էր ժամանակին ընտրատարածքները ձեւում իր թեկնածուների հագով, այնպես էլ ՔՊ-ն է անում։

Ինչ վերաբերում է համայնքապետերի նոր կուսակցությանը, ապա կուսակցական ցուցակում ընդգրկված կլինեն շրջանի բոլոր համայնքապետերը, Վեդիի համայնքապետի թեկնածու էլ կառաջադրվի, հավանաբար, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը։
Իսկ թե ինչու նոր կուսակ-ցությամբ, համայնքապետերը քննարկել եւ եկել են եզրահանգման, որ դաշտում բոլոր կուսակցությունները հեղինակազրկված են, ուստի զուտ համայնքային ընտրությունների նպատակով նոր կուսակցություն է պետք հիմնել։

Ուրցաձոր համայնքը եւս ներառված է Վեդիի շրջանում, համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով հեղափոխության առաջին օրվանից իշխանության թիրախում է` մի անգամ զրկեցին պաշտոնից, բայց ժողովուրդը կրկին ընտրեց, կարծում է, որ իշխանությունն այս ծրագրով բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ ազատվել անցանկալի համայնքապետերից. «3 տարի շարունակ պայքարեցին, բայց չհասան իրենց ուզածին, հիմա այս ճանապարհն են ընտրել։ Ես հարց եմ տալիս՝ իսկ ինչո՞ւ Սյունիքի Գորայք համայնքը որեւէ խոշորացման մեջ չի մտնում, որովհետեւ համայնքապետը ՔՊ-ական է»։

Իսկ կուսակցություն, այո, հիմնում են. «Մենք ուզում ենք զուտ համայնքային կուսակցություն հիմնել, որ այն ծառայի համայնքների շահին։ Մենք կոնկրետ Վեդիի շրջանի ընտրությունների համար ենք ստեղծելու, բայց չի բացառվում, որ այլ շրջանների հետ էլ համագործակցենք»։ Անդրադառնալով Հովիկ Աղազարյանի դիտարկմանը, որ կառավարման տեսանկյունից այս մոդելն ավելի արդյունավետ է, Անդրեասյանն ասաց. «Հովիկ Աղազարյանն այսքան ժամանակ մի խելքը գլխին բան ասե՞լ է՝ թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես մարդ։ Պետության համար մի չոփ վերցրել-դրե՞լ է, մի օգուտ տվե՞լ է, ինքը չէ՞ր կողմ կապիտուլյացիային, ինքը չի՞ կողմ եղել համասեռամոլների իրավունքների պաշտպանությանը, դպրոցներում, մանկապարտեզներում սեռական դաստիարակության հետ կապված նախագծին է կողմ եղել, թե՞ նախկին պատգամավոր եղած ժամանակ կուսակցությունից կուսակցություն չի թռել։ Ի՞նչ կարող է ասել Հովիկ Աղազարյանը, ընդհանրապես՝ ինքն ի՞նչ է հասկանում այս ոլորտից։ Փնջերով խոշորացումը դեռ ինչ-որ առումով հասկանալի է, բայց նման մասշտաբային խոշորացումը, ըստ իս, քաղաքական միտում ունի՝ ազատվել անցանկալի համայնքապետերից»։

«Հրապարակ»