Ադրբեջանցիները զենքերով հարվածել են մեր զինվորներին հաց տանող մեքենային ու հայհոյել․ Ի՞նչ իրավիճակ է Որոտանում

Իրավիճակ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Ադրբեջանցի զինվորները երեկ շատ լկտի պահվածք են ցույց տվել մեր զինվորներին հաց տանող մեքենայի վարորդի և ուղևորների նկատմամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։

Նա մեզ պատմեց՝ երեկ Որոտանի այն հատվածում, որտեղ ադրբեջանցիները ոստիկանական հենակետ էին տեղադրել և կանգնեցնում էին Իրանից ժամանող բոլոր մեքենաները, ինչի հետևանքով խցանում էր առաջացել, ադրբեջանցիներն էլ առիթից օգտվելով՝ մոտեցել էին հայկական պետհամարանիշերով մեքենային և նման լկտի վարք դրսևորել․

«Որ խցանում է եղել, ադրբեջանցիներն ավտոմատներով եկել ու իրենց դիմաց կանգնել են։ Շատ կոպիտ պահվածքով, զենքերով հարվածել են մեքենայի, վատ բառեր արտահայտվել, հայհոյել․․․ ռուս խաղաղապահներն են միջամտել, մեքենան ճանապարհել։ Մեքենայում 3 հոգով են եղել, 2 ջահելները, որոնց Որոտան գյուղից վերցրել է, որ հետը բերի Գորիս, շատ վախեցած են»։

Կարեն Քոչարյանն ասաց, որ Գորիս-Կապան և հակառակ ուղղությամբ շարժը զգալի կրճատվել է, մարդիկ վախենում են այդ հատվածով անցնել․

«Նախընտրում են Աղվանի ճանապարհով գնալ, քան թե՝ այդ, հատկապես գիշերը, մարդիկ չեն ուզում այդ ճանապարհով գնալ․․․»։

Հարցին՝ իշխանության ներկայացուցիչներ ժամանե՞լ են Գորիս, Որոտան, որպեսզի խնդրին տեղում ծանոթանան, Կարեն Քոչարյանը պատասխանեց՝ որևէ տեղեկություն չունեմ։