Իրանում բազմաթիվ ադրբեջանցիներ լինելով Ադրբեջանի ու Թուրքիայի գործակալներ՝ աջակցել են Ադրբեջանին այս պատերազմի ընթացքում

Մանրամասներ

1

«Երբ մայիսին ադրբեջանցիները ՀՀ-ից տարածքներ վերցրին, Հայաստանից որևէ լուրջ արձագանք չեղավ, և հիմա դրա շարունակությունն է՝ Գորիս-Կապան հատվածում, որը վերջը չէ: Դա ընդամենը նրանց նվաճողական, ագրեսիվ, հակահայկական քաղաքականության, հայկական պետականության ոչնչացման քաղաքականության մի հատվածն է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը:

Ըստ նրա՝ Իրանի համար շատ մեծ կարևորություն ունի Հայաստանի հետ հարևանությունը և այն հանգամանքը, որ Իրանը Հայաստանի հետ ունի ցամաքային կապ. «Այս սահմանը Իրանի համար անվտանգ սահման է: Իրանի համար մեկ տարի առաջ այդ անվտանգ սահմանը ավելի երկար էր, բայց պատերազմի ժամանակ պարզվել է, որ Իրանի տարածքում բազմաթիվ ադրբեջանցիներ եղել են Թուրքիայի և Ադրբեջանի գործակալներ, և աջակցել են Ադրբեջանին այս պատերազմի ընթացքում, օրինակ՝ կոորդինատների մասով, և այլն:

Հիմա ստացվել է այնպես, որ Իրանի համար այս ճանապարհը ոչ մի կերպ անվտանգ չէ այլևս, բայց ոչ միայն Իրանի համար: Սա կարևոր է միջազգային այլ սուբյեկտների համար, որոնց շարքում են Ռուսաստանը, Եվրոպական միությունը, նաև՝ ԱՄՆ-ը: Փաշինյանը կանչում է, որպեսզի ՀԱՊԿ զորավարժություններն անցկացվեն Սյունիքում: Իրանից բազմաթիվ հայտարարություններ են արվել: ԵՄ-ն էլ շահագրգռված է, որ Սյունիքը մնա Հայաստանի կազմում: Բայց դա ուղղակի օտար երկրների կամքով չի լինում, դա չի լինում միջազգային իրավունքի ուժով. Միջազգային իրավունքը ուժ է ստանում, երբ ինչ-որ մեկն այդ ուժը գործադրում է: Եթե մենք մեր տարածքին տիրություն չենք անում, ուրիշը մեր տեղը դա չի անելու, դա հնարավոր չէ: Ուրիշը կարող է աջակցել, եթե մենք ինչ-որ գործ ենք անում»:

Քաղաքագետը նկատեց՝ Ուկրաինան Ղրիմը կամ Դոնբասը համարում է օկուպացված, Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսիան համարում է օկուպացված, իսկ Հայաստանն Արցախի կորցրած 75 տոկոսը չի համարում օկուպացված. «Մենք խաղաղություն ենք ուզում, մնաց՝ Թուրքիան և Ադրբեջանը ուզեն, վերադարձնեն մեր տարածքները, և սկսենք խաղաղ ապրել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում