Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է․ համարյա բոլոր օրգաններն այս պահին բավականին ծանր ախտահարված են

Մանրամասներ

1

Մենք այժմ հավաքվել ենք այստեղ, որպեսզի խոսենք Արմեն Չարչյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին։ Ես ծայրահեղ բառեր չէի ուզում օգտագործել,բայց ստիպված դա արեցի։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ դասախոս Ս. Սահակյանը՝ անդրադառնալով բժիշկ Արմեն Չարչյանի առողջական վիճակին: Նշենք, Սահակյանն ու իր կոլեգաները հերթական ակցիան են անում ՝ ի աջակցություն Չարչյանի։

«Նա արդեն իսկ ուներ ծանր հիվանդություն ու հիմա անազատության մեջ մնալու պայմաններում խորացել է այդ հիվանդությունը, բազմաթիվ բարդություններ են առաջ եկել։ Բժշկական գաղտնիք չեմ բացահայտի ու կասեմ, որ Արմեն Չարչյանի ունի շաքարային դիաբետ, դրա մասին բարձրաձայնել է , արդեն բոլորը գիտեն, դրա համար էլ ասում եմ։ Այն շատ ծանր ախտաբանություն ունի, բայց կառավարելի է, եթե հետևողական լինես։ Այս հիվանդության հետ մարդը առանց որևէ խնդրի կարող է շատ երկար ապրել, բայց, կրկնում եմ, եթե դա կանխարգելու համար քայլեր են արվում ու նախապես կանխորոշվում։ Կուզեի հիվանդությունը խլուրդի հետ համեմատել։ Եթե այս խլուրդին ինչ-որ մի տեղ, ասենք մի վանդակում, այսօր չպահենք, նա վանդակից դուրս է գալու ու սկսելու է ուտել, քայքայել։ Այսօր եթե վանդակից նրան բաց թողեցինք, հետո նրան բռնելը ուղղակի շատ դժվար է լինելու։ Չարչյանի համարյա բոլոր օրգանները այս պահին ախտահարված են ու ախտահարված են ոչ թե թեթև, այլ բավականին ծանր ախտահարումներ են։  

Այսօր ես պատահական իմացա,որ նաեւ նրա աչքն է անգամ ախտաբանական պրոցեսի մեջ մտել։ Ես ուսումնասիրել եմ ու պարզել, որ գոյություն ունի կառավարության 825 որոշում, ըստ որի հստակ սահմանվում է այն հիվանդությունների ու նրանց բարդությունների այն կողմնորոշիչ ցանկը, որոնք անհամատեղելի են քաղաքացու կալանքի կամ պատիժ կրելու հետ։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ Չարչյանի առողջական վիճակը ընդամենը մեկ հոդվածով էր համապատասխանում կառավարության այդ որոշմանը, բայց այսօր հայտնի է դարձել ,որ դրանք արդեն 4-ի են հասել։ Եթե այսպես լինի, երկու շաբաթից այդ քանակը կարող է մինչև 8-ի հասնել, իսկ հետո արդեն չենք կարող ասել՝ ինչ կլինի»,- պնդեց Սահակյանը։