Ոստիկանությունը փնտրում է Փաշինյանի նկարի ներքո վիրավորանք գրած անձնավորությանը

Մանրամասներ

ա

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն  Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

168.am-ի փոխանցմամբ, վիրավորանք պարունակող գրառումը կատարվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո, և քանի որ արդեն ուժի մեջ են մտել ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի փոփոխությունները, հայրենի իրավապահները սկսել են կիրառել այն:

Հոդված 137.1-ի դիսպոզիցիան ծանր վիրավորանքն է՝

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։

(137.1-ին հոդվածը լրաց. 30.07.21 ՀՕ-323-Ն)

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրենքի ընդունմամբ շահագրգիռ ներկայիս իշխանությունները ժամանակին, երբ ընդդիմադիր էին, ամեն ինչ անում էին այն ապաքրեականացնելու համար, սակայն փաստորեն հիմա, երբ արդեն իրենք են իշխանության, օդ ու ջրի պես պետք էր վիրավորանքը կրկին քրեականացնել: Այնուամենայնիվ, երևի թե հասկանում են, որ իրենց վիրավորել ցանկացողների բանակն օրեցօր ավելանալու է՝ շնորհիվ իրենց, մեղմ ասած, ապաշնորհ կառավարման ու երկիրը կործանման եզրին հասցնելու հանձնառության: