Ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի զենք-զինամթերքը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետևողական բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել բաժիններ։

Հատկապես արդյունավետ էր Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։ Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Մի տղամարդ էլ անցած տարի Արցախից բերած «Կալաշնիկովի» գնդացիրն է կամավոր հանձնել Գուգարքի բաժին՝ շնորհիվ բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի և Ստեփանավանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում ևս արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

«Մակարով» ատրճանակն էլ ոստիկանության Կումայրիի բաժին կամավոր հանձնել է Գյումրիում բնակվող մի տղամարդ։ Ոստիկանության Մարտունու և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Զինամթերքը Նաիրիի բաժին բերած տղամարդը կամավոր հանձնել է նաև հրացան։ Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։

Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։