Հետևանքը կարող է լինել այն, որ իրանցիները կփորձեն խուսափել այդ ճանապարհով Հայաստան ապրանքներ ներմուծելուց. իշխանական պատգամավոր

Մանրամասներ

ա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կարծիքով՝ Սյունիքում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրումը, որտեղ իրանական բեռնատարներից տուրքեր են գանձում, տնտեսության հետ կապելը մի քիչ դժվար է:

«Նախ՝ ես պետք է հասկանամ՝ ինչ է տեղի ունենում, սա այն թեման է, որտեղ որ պետք է բավարար ինֆորմացիա ունենալ, հստակ գնահատականներ տալու համար: Այս պահին ես ավելին չգիտեմ, քան հրապարակված է այն, ինչին ես եմ տեղյակ, այնքանով նաև դուք եք տեղեկացված: Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, որովհետև սա ամեն դեպքում անհարմարություն է, երբ  Իրանին կապող միակ ճանապարհի հետ նման խնդիրներ կան: Բնականաբար, եթե իրանական բեռնատարները գալիս են Հայաստան և ճանապարհին ստուգման են ենթարկվում, դա խնդիր է, բայց էլի եմ ասում, եկեք սպասենք, տեսնենք հարցն ինչպես կկարգավորվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Բաբկեն Թունյանը:

Հարցին՝ շաբաթ օրվանից այս խնդրի մասին բարձրաձայնվել է, չի՞ փորձել պատգամավորը պարզել՝ ինչ է կատարվել, Բաբկեն Թունյանը պատասխանեց, որ եթե իմանա, որ իր հետաքրքրվելն ամեն օր կամ ամեն ժամ արագացնելու է իրավիճակը, բնականաբար, կանի: Սակայն սա այն պահն է, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի:

«Կարծում եմ՝ ամենաճիշտ տարբերակը դա է, որ թողնենք ամեն մեկն իր գործով զբաղվի, ինչի համար ինքը պատասխանատու է»,- շեշտեց նա:

Այն, որ ԱԱԾ-ն Որոտանի այդ հատվածն անվանել է ադրբեջանական անունով, Բաբկեն Թունյանը կարծում է, որ ԱԱԾ-ն դրա պատասխանը կունենա:

«Այն, որ Հայաստան եկող իրանական բեռնատարները կարող են ստուգվել ադրբեջանցիների կողմից, դա խնդիր է և ոչ մեկը դա չի կարող հերքել, բայց եկեք սպասենք, տեսնենք՝ իրավիճակը ոնց է հագուցալուծվում: »,- նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորը՝ հավելելով, որ եթե անգամ գումար չգանձեին ադրբեջանցիները, միայն իրանական բեռնատարները կանգնեցնելու փաստը մտահոգության տեղիք է տալիս:

«Կարող է ոչ մի խնդիր չլինի, կարող է իրավիճակը կարգավորել: Ամեն դեպքում այնպես չէ, որ այս պահին ունենք բլոկավորված ճանապարհ, այդ ապրանքները հասնում են Հայաստան: Քանի որ այդ ճանապարհի մի հատվածն իրենց էր պատկանում, իրենք այդ մասում  ունեին հայկական եւ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն, որ պետք է որոշակի ներկայություն ունենային: Բայց որ կլինի այնպիսի իրավիճակ, որ իրենք կկանգնեցնեն երրորդ երկրից մեր երկիր մուտք գործող բեռնատարները և կստուգեն, ես նման բան չէի կանխատեսում»,- ասաց նա:

Հարցին, թե ո՞րը կարող է լինել սրա հետևանքը, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց, որ հետևանքը կարող է լինել այն, որ մարդիկ պարզապես կփորձեն խուսափել այդ ճանապարհով Հայաստան ապրանքներ ներմուծելուց: