Աշխատավարձից 30 տոկոսի հասնող պահումներին կառավարությունը կավելացնի ևս 4-6 տոկոս

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգը դեռևս 2019թ. շրջանառեց այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Շրջանառության մեջ դրված փաստաթուղթը լուրջ քննադատության արժանացավ։ Բայց ոչ այն պատճառով, որ առողջության ապահովագրությունը վատ բան է, այլ այն պատճառով, որ հասարակությունն ու համակարգը պատրաստ չեն դրան։ Ապահովագրությունը թանկ հաճույք է, որի համար պետք է վճարել։ Ներկայացված հայեցակարգով առաջարկվեց ապահովագրավճարի բավական բարձր շեմ։ Խոսքը մինչև 6 տոկոսի մասին էր։

Ապահովագրավճարն այն գումարն է, որը պիտի վճարեն աշխատողներն իրենց աշխատավարձից։

Այն, ըստ էության, լրացուցիչ հարկ է, որը դրվում է քաղաքացիների վրա։ Առանց դրա էլ աշխատողներն իրենց աշխատավարձերից հսկայական մասհանում են անում հարկերի և այլ պարտադիր վճարների տեսքով։

Միջին հաշվով, աշխատավարձից պահումները հասնում են 30 տոկոսի։

Առողջության համապարփակ անպահովագրության այն հայեցակարգը, որը մտադիր է կյանքի կոչել կառավարությունը, դրան կավելացնի ևս 4-6 տոկոս։

Աշխատավարձից լրացուցիչ այդքան գումար գանձելը բավական լուրջ ծանրաբեռնվածություն է։ Առավել ևս այն քաղաքացիների համար, ովքեր աշխատելով հազիվ են հասցնում ապահովել իրենց նվազագույն կարիքները։

Այդպիսի քաղաքացիների քանակը մեր իրականության մեջ բավական մեծ է։

Աշխատողների 25-30 տոկոսի դեպքում այսօր էլ աշխատավարձերը չեն անցնում 100 հազարից։ Գրեթե 60 տոկոսի է հասնում այն քաղաքացիների քանակը, ում աշխատավարձը 150 հազարի սահմաններում է։

Հաշվի առնելով հասարակական դժգոհությունները և օբյեկտիվ հիմքերը՝ այն ժամանակ ձեռնպահ մնացին առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գաղափարից։ Բայց այն դուրս չեկավ օրակարգից։

Հիմա փորձում են կրկին հետ բերել։

«Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը»,- ասվում է կառավարության ծրագրում։

Կառավարության ծրագրի ընդունումից հաշված օրեր անց Առողջապահության նախարարությունը մի այսպիսի տեղեկատվություն տարածեց այն մասին, որ առողջապահության ապահովագրության համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի Ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։

Թե ո՞վ է այն պատվիրել, կամ ո՞ւմ նախաձեռնությունն է, հայտնի չէ։ Բայց ակնհայտ է, որ դրանով փորձ է արվում հիմքեր ստեղծել ապահովագրության ներդրման համար։

Հետազոտության արդյունքում հայտնի է դարձել, որ մասնակիցների 61 տոկոսը կողմ է առողջապահական ապահովագրության։ Նրանց մեծ մասը, ըստ Առողջապահության նախարարության, պատրաստ է եղել վճարել դրա համար։ Խոսքը հետազոտության մասնակիցների 73 տոկոսի մասին է։

9 տոկոսը պատասխանել է, որ պատրաստ չէ վճարել, իսկ 13 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Այս հետազոտության արդյունքները, ամենայն հավանականությամբ, մտադիր են հիմք ընդունել՝ առողջության համապարփակ ապահովագրություն պարտադրելու համար։

Այդպիսով կառավարությունը փորձելու է իր վրայից հանել կամ թեթևացնել ոլորտի ֆինանսական ծանրաբեռնվածությունը։ Հայտնի է, որ այն բավական լուրջ միջոցներ է տանում բյուջեից։ Թեև, դրանով հանդերձ, այդպես էլ չի հաջողվում պատշաճ բժշկական ծառայություններ մատուցել հասարակությանը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում