Ինչպիսի՞ն են քո մտքերը

Մանրամասներ

ա

Երբեմն իսկապես պակաս կարևորություն ենք տալիս մեր մտքերին: Կարծում ենք, թե ոչ ոք չի կարող երբևէ իմանալ, թե ինչ ենք մենք մտածում, և մեր ոչ աստվածահաճո մտքերը կարող ենք քողարկել «հաճելի» խոսքերով: Իրականում, սակայն, բնավ այնպես չէ, թե ոչ ոք հնարավորություն չունի կարդալու մեր մտքերը: Չէ՞ որ Աստված ամենազոր է և ամենակարող, և Նրա առաջ մենք կանգնած ենք ոչ թե մեր խոսքերով, որոնք հաճախ ձևափոխված են ու ընտրված, այլ մտքով՝ շիտակ, պարզ ու իրական: 

«Աստված ոչ միայն արտաքին գործերի, այլև ներքին մտքերի դատավոր է»,- ասում է Աբբա Դորոթեոսը՝ կարծես հաստատելով վերը ասվածը: Մտքերը հնարավոր է թաքցնել ու կեղծել մարդկանց առաջ, սակայն Աստծո առաջ անհնար է նույնն անել:

Միտքն ի վերջո դառնում է գործ: Եվ պիտի ապրենք հենց այս գիտակցումով: Եթե խորհածդ բարին է, կգործես բարին, իսկ եթե չար է, անպատճառ չարիք պիտի գործես: 

Ինչպե՞ս վարվել ուրեմն: Նախ մաքրենք մեր մտքրեն ամեն տեսակ չարիքներից: Եվ թող մեր խոսքերը լինեն ոչ թե քողարկիչ մեր մտքերի համար, այլ միայն գործիք՝ մտքերն արտահայտելու։

Փորձենք դառնալ բարին նախ մտքով, և ապա միայն գործերով, որպեսզի մեր դրական փոփոխությունը լինի իրական, իսկ Աստծո առաջ մաքրությունը՝ լիարժեք: Մտածենք այն մասին, թե ինչպիսին են մեր մտքերը, ինչը կարող ենք փոխել՝ դարձնելով ավելի լավը: Եվ այլևս չկարծենք, թե մենակ ենք մեր մտքերի հետ, և ամեն անգամ որևէ չարիքի մասին խորհելիս հիշենք Աստծուն՝ խնդրելով, որ թողություն շնորհի մեզ մեր մեղքերի համար և առաջնորդի դեպի լույսը, դեպի բարին: 

qahana.am