«Որոշ շտապողականություն է երևում Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններում այս առումով, ինչից կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում հնարավոր են իրավիճակի կտրուկ զարգացումներ»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը:
Արդյո՞ք հնարավոր են մեր տարածաշրջանում ռուս-թուրքական բախումներ աշխարհաքաղաքական ծրագրերի համատեքստում՝ «Մեծ Թուրան»-«Մետաքսի ճանապարհ», կամ՝ ՌԴ-Արևմուտք՝ հաշվի առնելով, որ «Մեծ Թուրանը» Արևմուտքն է, Թուրքիան, ԱՄՆ-ը, «Մետաքսի ճանապարհը»՝ ՌԴ, Իրան, Չինաստան, Հնդկաստան, ռազմական վերլուծաբանը նշեց.
«Ռուս-թուրքական հարաբերություններն այսօր հիմնված են նրա վրա, որ ռուսական որոշ շրջանակներ ռուսական շահը գերադասում են ինչ-որ գումարներից։ Այնպես որ, չեմ կարծում, որ ռուս-թուրքական բախում կլինի»:
Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հնարավոր տարաձայնություններին, Պետրոսյանցն ասաց, որ այսօր Ադրբեջանը տարաձայնություններ չի կարող ունենալ Թուրքիայի հետ, քանի որ դարձել է նրա պրոքսի պետությունը։
Այսինքն, Ադրբեջանը իր անվտանգային խնդիրները Թուրքիայի հսկողությանն է հանձնել և առաջնորդվում է երկու պետություն մեկ բանակ սկզբունքով՝ լեգիտիմացնելով նատօ-ական օպերատիվ կառավարման մոդելը, ՀՀ-ն իր անվտանգության ապահովման խնդիրը հանձնել է, ըստ էության, ՌԴ-ին և շարունակում է բանակում խորհրդային կամ ռուսական մոդելի ամրապնդումը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են Հայաստանի զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստության և մարտունակության բարձրացման հարցերով:
Ավելին՝ սկզբնաղբյուրում
0Comments