Սիցիլիայում նկարահանվող ֆիլմում խաղում են Սամվել Թադեւոսյանն ու Չապլինի դուստրը

Մանրամասներ

1

Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի եւ հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների եւ Բուլղարիայի համատեղ արտադրություն է։

Նախագծի իրագործման աշխատանքներում Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն, ավելին՝ գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադեւոսյանն է, ում հետ խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը։

«Երբ ինձ հայտնեցին, որ Ջեսիկա Վուդվորթը Հայաստանում է, եւ նա փնտրում է «ֆիքսեր»՝ տեղանքների փնտրող, ուղեկցող, ես անմիջապես համաձայնեցի՝ մտածելով, որ լավ առիթ է իմ սիրելի վայրերը հայտնի ռեժիսորին ցույց տալու համար։ Հետագայում հայկական տեղանքները ռեժիսորի համար իսկապես դարձան ստեղծագործելու ներշնչանք։ Ավելի ուշ նրանք հրավիրեցին ինձ Նիդերլանդներ եւ առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը, չնայած այն բանին, որ ես այդպիսի մեծ նախագծի փորձ չունեի»,- պատմում է հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը:

Ջեսիկա Վուդվորթն էլ նշում է, որ բոլոր այն ֆոնդերը, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորվում էին եւ խնդրում, որ աշխատանքների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրեն:

«Հետաքրքիր է, Հայաստանում ամեն ինչ ասես վեր է կոնկրետ ժամանակի ու կոնկրետ տեղանքի պատկանելուց, սա յուրօրինակ գրավչություն է»,- ընդգծել է Ջեսիկա Վուդվորթը: Չնայած տեղանքների նկարահանումները տեղափոխվել են Իտալիա, այդուհանդերձ, Հայաստանը շարունակել է կարեւոր ստեղծագործական մասով մասնակցել նախագծին։

Հրապարակ․am