Ադրբեջանցիների գործողությունները գնալով ինտենսիվ են դառնում

Պատճառը հստակ է` անպատժելիությունը. Արման Թաթոյան

1

Պատերազմից հետո խնդիրները թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում նույնաբնույթ են։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանին իրականացվող գործողությունների քաղաքականությունը նույնն է, ամբողջությամբ հիմնված է միասնական թշնամական քաղաքականության վրա։ Այս մասին ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

Անդրադառնալով սահմանային բնակավայրերում տիրող իրավիճակին` Թաթոյանը շեշտեց, որ ակնհայտորեն խախտված է ՀՀ քաղաքացիների կյանքի, անվտանգության, սեփականության իրավունքները։

«Թիրախային կրակոցներ և հարձակումներ են տեղի ունենում սահմանային բնակավայրերի ուղղությամբ, օրինակ` հովիվների վրա։ Մարդիկ մշակում են իրենց հողը, ադրբեջանական զինված ուժերը անօրինական իջնում են իրենց դիրքերից, մտնում մեր տարածք, ասում են` սա մեր հողն է։ Ունենք նաև սեփականության իրավունքի խախտման դեպքեր։ Կան հստակ կադաստրային վկայականներ, որտեղ երևում է, որ մարդիկ ժառանգություն են ստացել այդ հողը, բայց այդ տարածքում հիմա գտնվում են ադրբեջանցիներ։ Խախտվել է քաղաքացիների տեղաշարժման, ջրի և սանիտացիայի իրավունքները։ Հայաստանում ունենք գյուղեր, որտեղ ջուր չկա, այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուժերը ջրավազանների մոտ են։ Ադրբեջանցիները լարվածություն են մտցնում մեր հասարակության շրջանում, որը դրսևորվում է տարբեր կերպ, օրինակ` ինֆորմացիոն հարձակումների միջոցով»։

Թաթոյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ամենամեծ լարվածությունը ստեղծում է գերիների հարցի շուրջ` չհրապարակելով գերիների թիվը կամ հոգեկան տառապանքներ պատճառելով անհետ կորած զինծառայողների ծնողներին։

Անդրադառնալով սոցիալ- տնտեսական խնդիրներին` Թաթոյանը նշեց.

«Մարդիկ կան, որ Հայաստանի բանկային կազմակերպություններից վարկեր են վերցրել Արցախում ներդրումներ անելու նպատակով, մեկ այլ դեպքում վարկով անասուններ են գնել, սակայն ադրբեջանցիները գողացել են այդ անասունները։ Սյունիքում ունենք դեպք, երբ գողացել են 120 մանր եղջերավոր կենդանիների, Կութ գյուղում մեկ օրում հինգ ընտանիքի պատկանող 80 խոշոր եղջերավոր կենդանի են գողացել, նման իրավիճակներում մարդը շարունակում է վարկը վճարել մի բանի համար, որը չկա և գողացվել է ադրբեջանցիների կողմից»։ Թաթոյանը նշեց, որ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները և խնդիրների լուծման առաջարկությունները գրավոր կերպով ներկայացնելու են կառավարությանը։

«Ադրբեջանցիների գործողությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնում։ Անգամ, եթե նրանք մեկ շաբաթ ոչինչ չձեռնարկեն, այդ հարցերը չեն լուծվելու, եթե մեկ ամիս չկրակեն, միևնույն է նրանց ներկայությունը կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում է»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին` որն է պատճառը, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ինտենսիվ բնույթ են կրում, Թաթոյանը նշեց.

«Պատճառը հստակ է` անպատժելիությունը։ Նրանք հստակ տեսնում են, որ ինչ էլ անում են, չեն պատժվում։ Իրենց իշխանությունները միայն խրախուսում են` սկսած պատերազմի օրերից։ Ակնհայտ է մեկ բան` նրանք չեն հանգստանալու, եթե մենք ինքներս պաշտպանության ամուր երաշխիքներ չներդնենք»։