Ինչպես ստորագրեցիք Արցախը հանձնելու փաստաթուղթը, այնպես էլ տնով ապահովեք

Մանրամասներ

1

Պահանջում ենք, որ մեզ ապահովեն տնով, հենց այնպես ստորագրեցին, Արցախը հանձնեցին, թող ստորագրեն ու մեզ տուն տան, հայկական երկու պետությունները փաստացի անտեսում են մեզ։ Այս մասին հայտարարեցին Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող արցախցի տեղահանված բնակիչները։ Բողոքի ակցիային մասնակցում էին Հադրութի, Քարվաճառի, Քաշաթաղի բնակիչները։

«15 օր առաջ ենք դիմել կառավարություն, պատասխանը հուսադրող չէ․ մարդիկ ասում են՝ մենք չգիտենք, թե ձեզ ինչ պատասխան տանք։ Այսինքն՝ մեր վիճակը մնում է անորոշ։ Ես ներկայացրել եմ, ասել եմ, որ Արցախից 21 000 մարդ կա այստեղ, ու այդ մարդիկ անտերության են մատնված։ Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբը ենթարկվում է Արցախին, թող ՀՀ կառավարությունը վերցնի իր հայեցողության տակ ու կոորդինացնեն իրենց աշխատանքները, ոչ թե այստեղից օգնությունը հասնի Արցախ, հետո նորից գա, հասնի այստեղ», - մանրամասնեց Հադրութից տեղահանված բնակիչների ներկայացուցիչը։

Ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ պետությունից այլևս 68 հազար դրամ չեն ստանում, վարձով չեն կարող ապրել, կորցրել են ֆինանսական եկամուտ ստանալու հնարավորությունը, այստեղ էլ իրենց կարիքները հոգալու համար նորմալ աշխատանք գտնել չեն կարողանում։ Նրանց խոսքով՝ թե՛ Հադրութի, թե՛ Քաշաթաղի և թե՛ Քարվաճառի բնակիչներին տրվող պատասխանները կառավարության կողմից նույնն են, անորոշություն է միայն։

«Մեզ ընդունողն ասում է՝ ձեր հարցերը դեռ պրոցեսի մեջ չեն։ Հադրութեցու պահանջը քաշաթաղցու և քարվաճառցու պահանջից չի տարբերվում։ Երկու կառավարություն ունենք մեկի փոխարեն։ Ինչու որևէ մեկը մեր կարգավիճակով չի հետաքրքրվում։ Կամ ասեք, որ ձեզ ոչինչ չի հասնում, կամ ասեք, որ չեք կարողանում, մենք էլ դիմենք միջազգային հանրությանը»,-մանրամասնեց տեղահանվածներից մեկը։