Մոսկվայում է որոշվում, թե ով կայցելի, կամ` չի այցելի Արցախ

Արգիշտի Կիվիրյան․ Մանրամասներ

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը փաստացի Արցախի անվտանգության  երաշխավորության բանալիները հանձնեց Մոսկվային: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը փաստացի Արցախի անվտանգության  երաշխավորության բանալիները հանձնեց Մոսկվային: Նոյեմբերի 9-ի, 10-ի հայտարարությունը ստորագրելուց հետո, երբ Արցախում տեղակայվեցին խաղաղապահ ռուսական զինվորականները, փաստացի Մոսկվան է  հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը եւ գլոբալ առումով եթե նայենք, Մոսկվայում է որոշվում, թե ով կայցելի, կամ չի այցելի Արցախ: Այս հարցը նոյեմբերի 9-ից հետո չի որոշվում Երեւանում, դա որոշվում է Մոսկվայում: Լավ, ասենք թե Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ եւ դրանով վտանգեց Արցախի անվտանգությունը, դա էր ճի՞շտ, թե՞  չգնալն էր ճիշտ: Ժամանակին ինքը գնաց եւ ասեց` «Արցախը Հայաստան է, եւ վերջ» եւ բոլորս գիտենք չէ՞ դրա հետեւանքները:Այդ բոլոր հայտարարությունները, անպատասխանատու գործողությունները հանգեցրին արցախյան երկրորդ պատերազմի վերսկսմանը: Հիմա եթե գնա, կանգնի Ստեփանակերտում, իր ոճի համաձայն նորիս սկսի  գոռալ «Արցախը Հայաստան է եւ վերջ», հետո էլ սադրանքներ լինեն, գործողություններ լինեն, բոլոր այն մարդիկ, որոնք ասում են` բա ինչի չգնաց, ասելու  են` բա ինչի գնաց»,-ասաց նա:

Վերլուծաբանի կարծիքով`  մենք այսօր գտնվում ենք շատ բարդ իրավիճակում եւ ցանկացած անպատասխանատու քայլ կարող է հանգեցնել նորանոր կատակլիզմների հայ ժողովրդի համար, առավել եւս, երբ մենք այսօր չունենք մեր անվտանգության երաշխավորին` բանակին:

«Դե պարզ է, որ ՔՊ-ի մանկլավիկները, որ գնացել էին, արցախահայությունը պետք է նման կերպ դիմավորեր: Արցախահայությունը, եթե շատ ավելի կոպիտ էլ նրանց դիմավորեր ճիշտ  կաներ, ընդ որում բավականին մեղմ է դիմավորել, քանի որ այդ անձանց վարած քաղաքականության արդյունքում եղավ այս աղետը` հայության եւ հայ ժողովրդի համար: Ոչ մեկ չի ասում նախկինները ճիշտ են եղել, բայց այդ պահյին իշխանությունը դու ես եղել, ընդունակ չէիր կառավարել, հանձնեիր իշխանությունը»,-ասաց նա: