Երբ գայլն իր ատամներն է ցույց տալիս, չի նշանակում, որ քեզ ժպտում է

Հարութ Սասունյանը՝ Թուրքիայից եկող «դրական ազդակների» մասին

1

Օրերս կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր տարածաշրջանային խաղաղության թեմային, խոսել Թուրքիայից եկող որոշակի դրական ազդակների մասին:

«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- նշել էր նա՝ այլ մանրամասներ չհայտնելով:

Այս հայտարարությունը լայնորեն քննադատվեց. հասարակական, քաղաքական, մասնագիտական տարբեր շրջանակներ արձանագրեցին՝ թուրքական «դրական ազդակներն» ընդամենը հին ու նոր նախապայմաններ են:

Ի դեպ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի արձագանքը չուշացավ, հանրայնացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իր տեսլականը. լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում նա շեշտել էր, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք և հարգանք միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ: Էրդողանի համոզմամբ՝ պատմությունը չպետք է լինի թշնամանքի աղբյուր, և որ անհրաժեշտ են կառուցողական քայլեր հանուն կայուն խաղաղության և համակեցության: Թուրքիայի նախագահը վստահեցրել էր՝ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, ու նկատել, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար:

Թուրքիայի նախագահը նաև կրկնել էր արցախյան վերջին պատերազմից հետո շրջանառության մեջ դրված տարածաշրջանում վեցակողմ հարթակ ստեղծելու վերաբերյալ իր առաջարկը: Իսկ օրեր առաջ տված հարցազրույցում ասել էր, թե կարող են և առանց Վրաստանի մասնակցության համագործակցել. «5 կամ 6 երկրների հարթակի առաջարկը սեղանին է` Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը»: Թուրքիայի նախագահը հատուկ շեշտել է, որ այս հարցը քննարկել է և համաձայնեցրել է ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ «Իրանում նոր նախագահ է եկել իշխանության, նրա հետ էլ կքննարկենք»: Հայաստանի հետ քննարկելու մասին խոսք չկա:

Ասել է թե՝ այս պայմաններով է Թուրքիան պատրաստ «առանց նախապայմանների» հարաբերությունների:

Ամերիկահայ հասարակական ակտիվիստ, «Կալիֆոռնիա Կուրիեր» (The California Courier) թերթի գլխավոր խմբագիր և հրատարակիչ Հարութ Սասունյանը ցավով է արձանագրում՝ հայկական կողմը պաբերաբար խոսում է առանց նախապայմանների հարաբերությունների մասին, մինչդեռ Թուրքիան ինքն է, որ շարունակ նախապայմաններ առաջ քաշում:

«Վարչապետը երեքուկես տարի է՝ անընդհատ ասում է, որ ինչ-որ վատ բան է եղել, նախկինների մեղքն է, բայց այս մեկ հարցում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների, կրկնում է այն դիրքորոշումը: Այժմ Փաշինյանը շարունակում է նույն ուղղությամբ և բառ առ բառ կրկնում է նույնը, ինչը 12 տարի առաջ լսել ենք՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների բարելավում, սահմանների բացում: Մինչդեռ Թուրքիան ինքն է, որ նախապայմաններ է դրել և դնում Հայաստանի հանդեպ, իսկ իրականում պետք է ճիշտ հակառակը լիներ. մենք պետք է նախապայմաններ դնեինք,- նշեց Հարութ Սասունյանը՝ հիշեցնելով,- Երկար տարիներ ի վեր Թուրքիան երեք նախապայման էր դրել՝ Արցախի հողերի վերադարձը Ադրբեջանին, Հայոց ցեղասպանության հարցից հրաժարում և Թուրքիայի հողային ամբողջականության ճանաչում: Առաջինն արդեն իրագործվեց բռնի ուժով՝ Ադրբեջանի կողմից Արցախի մեծ մասին տիրանալով, այժմ մնաց երկու պայման ևս, բայց տեսնում ենք, որ Էրդողանը սեղանին դնում է նոր պայմաններ՝ օրինակ, խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության դաշնագրի կնքման մասին, ինչը նշանակում է, որ Հայաստանը պաշտոնապես Արցախի մնացած բաժինն էլ վերադարձնի Ադրբեջանին:

Այս բոլորը քաղաքական խաղեր են, և դժբախտությունն այն է, որ թուրքերը շատ խորամանկ քաղաքագետներ են, և ամեն ինչ անում են ի շահ իրենց: Հայկական կողմն է, որ անտեղյակ է քաղաքական խաղերից: Ես չեմ տեսնում որևէ դրական ազդանշան Էրդողանի կողմից, և վարչապետը մեծ սխալ արեց, որ ասաց, թե տեսնում է, և մենք էլ պատրաստ ենք: Սա շատ վատ ավարտ է ունենալու»:

Նախկինում, երբ խոսում էին հնարավոր հարաբերությունների մասին, Թուրքիան ուղղակի չէր միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը, իսկ այսօր փաստ է՝ Թուրքիան 44-օրյա պատերազմում ուղիղ միջամտել և օժանդակել է Ադրբեջանին: Այս պարագայում որքանո՞վ է ճիշտ ու տրամաբանական կրկին խոսել առանց նախապայմանների հարաբերությունների մասին և կառավարության ծրագրում պարբերություններ հատկացնել տարածաշրջանում թշնամության հաղթահարմանն ու խաղաղության հաստատմանը՝ այս հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միլիոնավոր հրեաներ ցեղասպանեց: Եվ եթե պատահեր, որ մեր օրերում արաբները հարձակվեին Իսրայելի վրա, և Գերմանիան էլ բանակ ուղարկեր՝ արաբներին օգնելու, Իսրայելը կործանելու համար, գիտե՞ք ինչ աղմուկ կբարձրանար աշխարհով մեկ. որ նախկին ցեղասպան Գերմանիան հիմա էլ շարունակում է իր ցեղասպանական արարքը: Ճիշտ այս է մեր վիճակը. 100 և ավելի տարիներ առաջ Թուրքիան Ցեղասպանություն գործեց, այդ բավարար չէր՝ անցյալ տարվա սեպտեմբերին նորոգեց իր ցեղասպանական նկրտումները և իր զինամթերքով, իր ահաբեկիչներով, իր զինծառայողներով պատճառ դարձավ, որպեսզի 100 տարի առաջ սկսած ցեղասպանությունը շարունակի:

Իսկ մենք այդ բոլորը ընկալում ենք շատ նորմալ, խոսում ենք տարածաշրջանում, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու, միակողմանի զիջումների գնալու մասին: Վստահեցնում եմ՝ այդ զիջումներն անվերջ են. եթե անգամ հայկական կողմը վաղը համաձայնի այդ զիջումներին, Էրդողանը սեղանին դնելու է նոր պահանջներ: Դա վերջը չէ, դա միայն սկիզբն է՝ մանավանդ, որ Թուրքիան և Ադրբեջանը հիմար չեն, տեսնում են, որ Հայաստանի ղեկավարն ամեն ինչին «այո» է ասում, ուրեմն պատրաստ է անվերջ զիջումների:

Այդ անվերջ զիջումները մենք չենք հասկանում, և դրանք մեկնաբանում ենք՝ իբրև բարիդրացիական ազդակներ Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ: Դա այդպես չէ. ինչպես որ ժողովուրդն է ասում, երբ գայլն իր ատամներն է ցույց տալիս, չի նշանակում, որ գայլը քեզ ժպտում է: Որքան որ մենք այո ասենք, թուրքերը ավելի կխանդավառվեն և ավելի կպահանջեն: Միակ բանը, որ ՀՀ ղեկավարները պետք է անեն, ամեն ինչ մի կողմ թողնեն, փորձեն երկիրը զինվորապես հզորացնել, որպեսզի կարողանանք մեզ պաշտպանել և սկսենք «ոչ» ասել այդ բոլոր զիջումներին, որոնք մեր թշնամիներն ուզում են, որ մենք անենք»: Շարունակելով միտքը՝ Հարութ Սասունյանը մեկ անգամ ևս անդրադարձավ 44-օրյա պատերազմին.

«Ես հասկանում եմ, որ Հայաստանը պատերազմում պարտվեց, ու Ադրբեջանը, Թուրքիան ավելի տիրողական դիրքի վրա են, պարտադրում են իրենց կամքը, այդքանը հասկանալի է բոլորիս համար, բայց հասկանալի չէ, թե ինչպե՞ս է այդ վատ կացությունը վարչապետը մեկնաբանում, որ ի նպաստ Հայաստանի շահի է:

Օրինակ, կոմունիկացիաների բացումը ասում է՝ Հայաստանի շահին է, երբ Հայաստանին մեծ վնաս են այդ ճանապարհները, մտածում է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծելը Հայաստանի շահին է, ինչը ճիշտ հակառակն է, խաղաղության դաշնագիր ստորագրելը՝ Հայաստանի շահին է, որը ևս սխալ է:

Եթե վարչապետը մի քիչ հասկանար քաղաքականությունից, դիվանագիտությունից և մեր ժողովրդին անկեղծորեն ասեր՝ սիրելի՛ ժողովուրդ, մենք կորցրել ենք պատերազմը և այժմ տկար ենք, մեր թշնամիները՝ հզոր, ու չենք ուզում, բայց ստիպված ենք անել, գոնե հասկանալի կլիներ, բայց եթե ասում է, որ այդ բոլոր բաները, որ մեր թշնամիներն անում են, շատ լավ է, մեր շահն է, մենք ուրախ ենք, դա է, որ անհասկանալի է»,- եզրափակեց ամերիկահայ հասարակական գործիչը:

Հիշեցնենք՝ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից: 1991թ. դեպտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվել:

168.am