Կադրեր, որ ոչինչ չեն որոշում Նոր Հայաստանում

Հայաստանի քաղաքացին ստիպված է լինելու ոչ թե սեփական օրինակով փաստել, որ կյանքն օր-օրի բարելավվում է, այլ մխիթարվելու է միջազգային վիճակագրության լավատեսական եզրահանգումներով


Գարնանային հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի աքիլլեսյան գարշապարը, կարծես, դարձել է վերջինիս անարդյունավետ կադրային քաղաքականությունը. փոքրիկ բացառություններով՝ տարատեսակ մեծ ու փոքր պաշտոնյաների նշանակումները շարունակում են հայտնվել լրատվամիջոցների ու հասարակության քննարկումների կիզակետում:

Անգամ դեպքեր արձանագրվեցին, երբ հասարակության պահանջով ականատես եղանք նորանշանակներից ոմանց հրաժարականներին, օրինակ՝ առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակի ու վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի:

Կառավարման ոլորտի որոշ փորձագետներ կարծում են, որ Փաշինյանի շրջապատում կադրային հսկայական ռեսուրս կա, սակայն արտերկրում որակյալ կրթություն ստացած և կոռուպցիոն անցյալ չունեցող կադրերն, այնուամենայնիվ ակնհայտ թերանում են: Տպավորությունն այնպիսին է, որ դժվարանում են լիարժեք ադապտացվել նոր դերակատարմանը, ինչից անխուսափելիորեն տուժում են այն ոլորտները, որոնք հայտնվում են նորելուկների անմիջական ենթակայության տակ:

Որպես եզրահանգում՝ վերահաստատվում է կարծիքը, որ կրթությունը՝ կրթություն, սակայն պատասխանատու պոստերում անհերքելիորեն էականը կառավարման, հատկապես հանրային կառավարման փորձի առկայությունն է, նաև՝ փորձառության որոշակի ուղի անցած լինելու հանգամանքը, քանի որ պետական համակարգում լիակատար անփորձությունը կարող է պատուհաս դառնալ նույն այդ պետության շահերի սպասարկման առումով:

Փորձագիտական շրջանակները նաև համոզմունք են արձանագրում, որ վարչապետը, չունենալով ապագայի տեսլական, այդ բացթողումը տարածում է նաեւ կադրային քաղաքականության վրա։ Մովսես Արիստակեսյանն, օրինակ, նշում է՝ «եթե դու չգիտես Հայաստանի զարգացման վեկտորը, չգիտես, թե ուր է գնում Հայաստանը, չես պատկերացնում, թե ինչ կադրեր են պետք, այդ դեպքում ելնում ես տվյալ իրավիճակից  և դա վերաբերում է ոչ միայն կադրային քաղաքականությանը, այլեւ բոլոր բնագավառներին, այսինքն՝ չկա ընդհանուր ռազմավարություն բոլոր բնագավառներում, եւ արդյունքն այն է, ինչ մենք տեսնում ենք»:

Ինքը՝ Փաշինյանն, ի պատասխան քննադատությունների, պնդում է. «Միանշանակ մերժում եմ այն տրամաբանությունը, որ ասում էին՝ «պոլի փետ լինի, մերը լինի»: Մերժում եմ այդ տրամաբանությունը, բացառվում է դա»:

Իրականությունը, սակայն, համոզիչ մերժումից անդին է. փաստերն իրենք են խոսում իրենց մասին, ապացույցը՝ նոր ձևավորված խորհրդարանն է, երբ ԱԺ շենքի պատերից ներս բախտ են ունեցել հայտնվել մարդիկ, իսկ նրանց քանակը սակավ չէ, ովքեր բացարձակապես որևէ աշխատանքային փորձի չեն տիրապետում: Թե ի՞նչ որակի աշխատանք ենք տեսնելու նրանց կատարմամբ սահմանադրական երկիր հռչակված Հայաստանում՝ ցույց կտա ոչ շատ հեռու ապագան, իսկ մինչ այդ՝ մտահոգությամբ կիսվել է Արմեն Աշոտյանը: Նա դիվանագիտության ոլորտում մեր երկրի հետընթացն է արձանագրել՝ նշելով.

«Իշխանափոխությունից հետո անհասկանալի է, թե Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչ լոբբիստական մեխանիզմներով և կառույցներով է աշխատելու Բրյուսելում, քանզի նախկինում եղած ռեսուրսը նոր իշախանությունների հանցավոր կարճատեսության հետևանքով կամ տկարանում է, կամ վերանում: Հասկանալի պատճառով այս հարցով ավելին ներկայացնել չեմ կարող, բայց ցավով արձանագրում եմ, որ այդ ճակատը այս պահին նույնպես սրընթաց մերկանում է: Իսկ Ադրբեջանը բանակցում է իր նոր շրջանակային համաձայնագիրը ԵՄ-ի հետ, և այդ աշխատանքներն արդեն ավարտական փուլում են»:

Մտահոգություն, անշուշտ կարելի է ու պետք է արտահայտել, սակայն հետհեղափոխական Հայաստանում առայժմ կարևորը վիճակագրությունն է, այն էլ՝ միջազգային գնահատականով համեմված: Այսպես՝ բրիտանական հեղինակավոր Economist intelligence unit-ը, վերլուծելով աշխարհում անցած տարի տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները, Հայաստանը դասել է հաղթողների և ամենամեծ առաջընթացն արձանագրած երկրների շարքում.

«2018-ին՝ խաղաղ իշխանափոխությունից հետո, Հայաստանը միանգամից ութ կետով բարելավել է դիրքերը և այժմ զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը 167 երկրների շարքում»: Նշենք, որ ժողովրդավարության վերաբերյալ այս գնահատականը փորձագետները տալիս են` հաշվի առնելով հինգ հիմնական չափորոշիչ` ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, քաղաքական մշակույթը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում, լուրն ավետել է «Ազատությունը»։

Փաստորեն, ըստ հետազոտության, ամենամեծ առաջընթացն արձանագրվել է հենց կառավարության արդյունավետ աշխատանքի ոլորտում:

Հեղափոխությանը հաջորդած ամիսներին ցանկացած քննադատություն ցավոտ էր ընկալվում հենց նույն հասարակության կողմից. մարդիկ համոզված պնդում էին՝ թողեք իշխանությունն աշխատի, վստահ լինելով, որ նոր ուժը, որին անվերապահորեն ապավինել են, լավագույնս կդրսևորվի, եթե ժամանակ ստանա ադապտացվելու:

Դե ինչ, այդ ժամանակը նոր իշխանությունը լիուլի տնօրինել է, և արդեն պահն է՝ իրական, ծրագրային բարեփոխումների, հակառակ դեպքում՝ Հայաստանի քաղաքացին ստիպված է լինելու ոչ թե սեփական օրինակով փաստել, որ կյանքն օր-օրի բարելավվում է, այլ մխիթարվելու է միջազգային վիճակագրության լավատեսական եզրահանգումներով:

Իսկ դա ճանապարհ է, որ ոչ մի տեղ չի տանում, անգամ՝ Հայաստանի Հպարտ Քաղաքացուն: