Ամեն ինչի պատրաստ եմ, փաստաբան միայն նա չունի, ես էլ փաստաբան ունեմ․ Խաչատուր Սուքիասյանը՝ Սերժ Սարգսյանին

Մանրամասներ

Մինչեւ 1998 թվականը, իհարկե, շատ սխալներ ու անօրինականություններ կային, բայց քաղաքական համակարգ էլ կար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Ամբողջ մաքսային համակարգում ինչքան մուտքեր եղել են Արմեն Ավետիսյանի տարվել են ուրիշ տեղ, ոչ թե բյուժե։ Գնացեք տասնյակ գործարարների հարցրեք, ինչ է եղել այդ թվականներին, ոնց էին մարդկանց կեղեքում։ Մարդկանց տանում էին Ազգային անվտանգության ծառայության ու էն օրն էին գցում, որ կեղեքեին։ Ես երեկ դեռ ավելի քիչ թիվ եմ հնչեցրել։ Ես անգամ դեպք գիտեմ, որ մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, այստեղից մեշոկներով տարել են, որ վճարեն, որովհետեւ կարող ես խաղալ, հետո վճարել։ Խելոք թող մնան, չափերի մեջ մնան։ Եթե այստեղ մարդ են ուղարկում, որ Նիկոլ Փաշինյանի հասցեին բառեր է օգտագործում, բոլորի մասին ամեն ինչ տեղյակ ենք»,- նշեց նա։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի փաստաբանի հայտարարությանը Խաչատուր Սուքիասյանի դեմ դատական հայց ներկայացնելու մասին, Սուքիասյանը նշեց, որ դրա համար ուրախ է

«Ամեն ինչի պատրաստ եմ, փաստաբան միայն նա չունի, ես էլ փաստաբան ունեմ։ Փաստաբանները կգնան ու այդ գործընթացին կմասնակցեն։ Ես ամեն ինչը հիմնավոր եմ ասում։ Իր տեսքը ձեզ բավարար է, եկած ժամանակ ու հետո ու մնացած իր ունեցվածքը։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի սեփականությունը չի։ Մի հատ էլ իրան կհարցնեք՝ Որոտանը ով է ձեռք բերել։ Որոտանը Հայաստանի լավագույն տնտեսական միավորներից է եղել։ Ես իր փեսային էլ եմ տեսել, երբ դեռ նոր պետք է դառնար փեսա։ Ասում էին՝ հերը պետական հիվանդանոցի ղեկավար է, գլխավոր բժիշկ է։ Գլխավոր բժշկի տղան դառնում է տասնյակ հզոր կառույցների սեփականատեր»,- ընդգծեց նա։

Դիտարկմանը, թե նման պարագայում ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանի հետ խնջույքների մասնակցում, Սուքիասյանն արձագանքեց․ «Ի՞նչ պետք է անեի։ Նոր տարուն հրավիրում էին բոլոր գործարարներին, իսկ ես ժամանակին գործարար էի»։