Ալիեւի գիշերային ակցիան ռուս խաղաղապահների միջամտությամբ․ Եթե պայմանագրերը չկնքվեն, այս միջադեպերը շարունակվելու են

Մանրամասներ

1

Բաքվի զինվորականները գիշերը փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել է, որ «նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»։

ՀՀ խորհրդարանը երկու օր է «քննարկում» է կառավարության ծրագիրը, որի մեխը «խաղաղության դարաշրջան բացելն է»՝ «Ադրբեջանի» հետ սահմանազատման, պայմանագրի, Արցախի հարցի փակման եւ ՀՀ տարածքներից զիջումների գնով։ Ինքը վարչապետը, իշխող խմբակցության անդամներն իրենց ելույթներում փաստացի խոստովանում են, որ դա արվում է արտաքին պարտադրանքի տակ․ Ծրագիրն այնպես ենք կազմել, որ չխանգարի բանակցային գործընթացին՝ վարչապետ։ Հայկական իրավունքներից հրաժարվելը հիմնավորվում է «ժողովրդից ստացած մանդատով», որն օրինակ չի ցանկանում, որ իր երեխաները ծառայեն բանակում պատերազմական իրավիճակում (Լենա Նազարյան)։

Ալիեւի գիշերային ակցիան ռուս խաղաղապահների միջամտությամբ անկասկած ուղղված է վարչապետի ու նրա թիմի թեզերի հաստատմանն ու հանրությանը դրան համակերպելուն՝ եթե պայմանագրերը չկնքվեն, այս միջադեպերը շարունակվելու են։ Ավելի վաղ այդ նպատակով Բաքուն ռազմական գործողություններ էր հրահրում Երասխի, Գեղարքունիքի մարզի շփման գծում։ Բաքվին ակտիվ ձայնակցում է Մոսկվան։

Բաքուն «խաղաղության դարաշրջանից» ստանում է «Ադրբեջանի»՝ որպես պետության լեգալիզացիա, Մոսկվան՝ ռազմական լայն ներկայություն Հայաստանի տարածքում։ Ինչ է ստանում Երեւանը քաղաքական առումով՝ նույնիսկ իշխող խմբի ներկայացուցիչները չեն կարողանում ասել, հրամցնելով կենցաղային բնույթի հիմնավորումներ։

ՀՀ խորհրդարանն էլ այս ծիրում է։ Շարունակվող նողկալի լեզվակռվի, ծեծկռտուքի, հայհոյանքների նպատակը տեսարաններ ապահովելն է՝ հանրությանն այս մասով էլ «խաղաղության դարաշրջանին» համակերպելու համար։ Մեկ-երկու պատգամավորի չհաշված, որոնք համառորեն դնում են հայկական քաղաքական իրավունքների հարցը, մյուսները կատարում են իրենց պարտավորությունները եռակողմ հայտարարությանը հավատարմության շրջանակում։

Սկզբնաղբյուր