Եռակողմ փաթեթը մերժող ու դիմադրության ձեւավորող ուժեր կան ու այդ փորձերն արդեն արվում են

Մանրամասներ

1

Խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացումը եւ դրա շուրջ ծավալված «բանավեճն» ու քաշքշուկները ցույց տվեցին, որ 8-րդ գումարման խորհրդարանն ավարտվեց դեռ չսկսած։ Կառավարության ղեկավարը փաստացի խոստովանեց, որ ծրագիրը կազմվել է արտաքին պարտադրանքով ու ցուցումներով, մասնավորապես դրա անվտանգային ու Արցախի խնդրին վերաբերող մասերը։ Դրանում կառավարությունը հրաժարվում է հայկական պահանջներից՝ «բանակցային գործընթացին չխանգարելու համար», իսկ «դեմարկացիոն ու խաղաղության» պայմանագրերին պատրաստակամությունը պայմանավորում սահմանին լարվածությամբ։

Այդպիսով, կառավարությունը փաստացի վերածվում է օկուպացիոն ռեժիմի։ Արտաքին պարտադրանքին ու ժողովրդից ստացած մանդատին հղումներն ամբողջացնում են նման գնահատականը։

Հայաստան դաշինքից Արմեն Ռուստամյանը նկատում է, որ այս ծրագիրը կապիտուլյացիայի նախերգանք է։ Ճշգրիտ գնահատական է, միեւնույն ժամանակ եռակողմ փաթեթին ու դրա գլխավոր հեղինակին հավատարմություն հայտնած «ընդդիմությունը» խոշոր հաշվով գտնվում է նույն ծիրի մեջ, իսկ եռակողմ փաթեթի շրջանակում «արժանապատիվ խաղաղության հասնելու» թեզը, որն իր էությամբ համարժեք է վարչապետի «խաղաղ դարաշրջանին», ցույց է տալիս նրա եթե ոչ իրական մոտիվացիան, ապա առնվազն՝ անելանելիության վիճակը։ Նոյեմբերի 9-ից ի վեր միայն հուսալքություն, կապիտուլյանտական տրամադրություններ տարածող «ընդդիմությունը» չի կարող այլընտրանք լինել իշխող մեծամասնությանը, եթե չասենք, որ դրանով նպաստում է նրա իշխանության պահպանմանը։

Նոյեմբերի 9-ից շարունակվող ներքին նողկալի այս «բանավեճն» անհրաժեշտ օպերատիվ ժամանակ էր Մոսկվայի ու Բաքվի համար՝ դիմադրությունը բացառելու եւ Հայաստանին պարտադրվող պայմանագրերն ու պատերազմի արդյունքները ամրագրելու համար։ Դա արվել է գիտակցված, թե ոչ՝ էական չէ։ Իր հերթին, պետք է նկատի առնել, որ եռակողմ փաթեթը բացառում է հայկական իրավունքները եւ ինքնիշխանությունը, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը, խորացնելով նրա մեկուսացումն ու շրջափակումը։ Ի՞նչ արժեք ունեն այս պայմաններում եռակողմ փաթեթին հավատարմություն հայտնած քաղաքական ուժերի խոստումները։

8-րդ գումարման խորհրդարանը շանս ուներ դուրս գալ այս իրավիճակից՝ օրակարգում դնելով ԼՂՀ ճանաչման հարցը։ Այն, ինչ կատարվեց երեկ, ցույց տվեց, որ խորհրդարանում հայտնված ուժերը մնալու են մոսկովյան մանդատի շրջանակում։

Եռակողմ փաթեթը մերժող ուժերը միայն կարող են ձեւավորել դիմադրության շարժումը Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության ոչնչացման ծրագրերին։ Այս ուժերից կազմված Ազգային խորհուրդը կարող է իր վրա վերցնել հայկական իրավունքների ու պահանջների հիման վրա ազգային հայեցակարգի ու օրակարգերի ձեւավորումն ու դրանց իրագործման պատասխանատվությունը։ Նման ուժեր կան ու այդ փորձերն արդեն արվում են։