Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Մանրամասներ

1

Օգոստոսի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդեն ստեղծված արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասն ներկայացրել է այն ոլորտները, որտեղ փոխհամագործակցությունը բավական արդյունավետ զարգացումներ ունի՝ արժևորելով երկարամյա համագործակցության ընթացքում կիբեռհանցագործության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ընտանեկան բռնությունների ոլորտներին վերաբերող մի շարք համատեղ ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքները:

Կոմիտեի նախագահը վստահեցրել է նաև, որ քրեական գործերով ցուցաբերվող միջազգային իրավական օգնությունն այսուհետ ևս կկրի շարունակական բնույթ, ինչն էլ ավելի կնպաստի հանցավորության դեմ պայքարում տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Արգիշտի Քյարամյանին՝ պաշտոնի նշանակվելու առթիվ:

ՔԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը կարևորել են նաև փոխադարձ իրավական օգնության շրջանակներում քննիչների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և անցկացնելու գործընթացը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակել և ընդլայնել համագործակցությունը, էլ ավելի զարգացնել ձևավորված ավանդույթները: