«Պողպատը» Փաշինյան-Մոսկվա-ընդդիմություն» գործարքն է՝ մանդատ մոսկովյան պլանի իրագործման դիմաց

Մանրամասներ

1

Օգոստոսի 24-ին խորհրդարանում ներկայացվելու է կառավարության ծրագիրը։ Դրանում կառավարությունը շարադրել է նաեւ անվտանգության խնդիրներին իր մոտեցումները եւ քաղաքականությունը «խաղաղ դարաշրջան» բացելու համատեքստում, որը ենթադրում է «դեմարկացիոն, կոմունիկացիաների ապաշրջափակման եւ խաղաղության» պայմանագրերը։

Կառավարությունը հղում է անում ընտրություններին «ժողովրդից ստացած պողպատե մանդատին»՝ այդ քաղաքականությունն իրականացնելու համար։ Այսինքն՝ ժողովուրդը կառավարությանը պատվիրակել է այդ քաղաքականության իրականացումը, ինչպես պնդում է իշխող ուժի ղեկավարը։ Ըստ էության, նույն բանն է Փաշինյանին ասել Պուտինը՝ ժողովրդի վստահությունը հիմք է «սուր եւ ցավոտ հարցերը լուծելու համար»։

Հայաստանում քչերն են արդեն կասկածում, որ մոսկովյան քվոտաներով կազմավորված խորհրդարանի խնդիրն այս ծրագրի իրագործումն է, իսկ «պողպատը» Փաշինյան-Մոսկվա-«ընդդիմություն» գործարքն է՝ մանդատ մոսկովյան պլանի իրագործման դիմաց։

ՀՀ կառավարության ծրագրում շարադրված է այդ գործարքի դիմաց Հայաստանի վճարելիք գինը։ ՀՀ կառավարության ձեւակերպած ապաշրջափակումն ու անվտանգության համակարգի ձեւավորումն առնչություն չունեն իրականության հետ։ Մոսկովյան պլանը ենթադրում է Հայաստանի մեկուսացման ու շրջափակման խորացումը ինքնիշխանությունը ոչնչացնելու նպատակով։ «Դեմարկացիայի» անվան տակ տեղի է ունենում ՀՀ տարածքի մասնատմամբ ռուսական ռազմական ներկայության գծի ձեւավորումը եւ այսպես կոչված «Ադրբեջանի»՝ որպես պետության լեգալացումը՝ Արցախի հարցի փակմամբ։

ՀՀ կառավարության ծրագրում որպես բանակցությունների հիմք է ընդունվում ՄԽ համանախագահների հուլիսի 29-ի հայտարարությունը, որտեղ, ի տարբերություն ՄԽ ապրիլի 13-ի հայտարարության՝ խնդրի քաղաքական կարգավորման առաջնահերթությունը մղված է երկրորդ պլան։ Մոսկվան ձգտում է չեզոքացնել Մինսկի խումբը կամ դրա շրջանակում լեգիտիմացնել սեփական պլանը, եւ հուլիսի 29-ի հայտարարությունը կարելի է որակել որպես մեկ քայլ այդ ճանապարհին։

Մոտենում է «պողպատի» դիմաց հատուցման պահը, եւ այնուամենայնիվ՝ Հայաստանի հնարավորությունները սպառված չեն։ «Պողպատի» շահառուները՝ խորհրդարան անցած ուժերը, ինչպես նաեւ հանրության այլ հատվածներ, ուղիղ պատասխանատվություն են կրում առաջիկա զարգացումների համար, առավել եւս, որ մանդատի ու հայրենիքի միջեւ ընտրության առաջ կանգնած այդ ուժերը կարծես թե սկսել են հասկանալ, թե ինչ է իրենց սպասվում։ Որպես առաջին քայլ՝ խորհրդարանը պետք է քննարկի ԼՂՀ ճանաչման հարցը եւ հստակ գնահատական տա 2020-ի աշնանը Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմին եւ Հայաստանին պարտադրված «եռակողմ փաթեթին»։

Սկզբնաղբյուր