Պուտի՞նն է Բայդենին ասել, որ ամերիկյան ուժերը դուրս գան Աֆղանստանից. WSJ  

Մանրամասներ

ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ հունիսի 16-ին անցկացրած գագաթնաժողովում դեմ է հանդես եկել ամերիկյան ուժերի ցանկացած դերակատարությանը Կենտրոնական Ասիայի, այդ թվում՝ Աֆղանստանի հարևան երկրներում: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկացի և ռուս պաշտոնյաներին:

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ դա խաթարում է ԱՄՆ զինված ուժերի ջանքերը՝ պայքարելու նոր ահաբեկչական վտանգների դեմ Աֆղանստանից հեռանալուց հետո: Վերջինս նկատում է նաև, որ խնդիրը խորանում է աֆղանական կառավարության և զինված ուժերի ձախողմամբ:

Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Պուտինն ամերիկացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է հատկապես Միջին Ասիայում զինվորների ներկայության անթույլատրելիությանը:

ԱՄՆ-ն նախկինում օգտագործել է Ուզբեկստանում և Ղրղզստանում գտնվող ռազմաբազաները, սակայն այնտեղից հեռացել է 2005 և 2014 թվականներին՝ համապատասխանաբար:

Հիշեցնենք, որ Պուտին-Բայդեն առաջին գագաթնաժողովն անցկացվել է Ժնևում հունիսի 16-ին: Կողմերը քննարկել են ռազմավարական կայունությանը, կիբեռանվտանգությանը, առևտրին, Արկտիկայում և Սիրիայում տիրող իրավիճակներին առնչվող հարցեր: