Փոխհրաձգությունը մերոնց հասնելուն պես դադարել է. Վովա Վարտանովը՝ գիշերվա դեպքերի մասին

Մանրամասներ

Պաշտպանության նախարարությունը մոտ մեկ ժամ առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆայելի Հարությունյանի և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։  

«Ողջ մնալու արվեստը» կազմակերպության հիմնադիր նախագահ, ազատամարտիկ Վովա Վարտանովը «Հրապարակի» հետ զրույցում ասաց․ «Մեր տղաները բարձրացել են դիրքեր, ՎՈՄԱ-ի նկատի ունեմ, առաջնագիծ են հասել, փոխհրաձգությունը մերոնց հասնելուն պես դադարել է, մերոնք նույնիսկ չեն էլ կրակել։ Որքանով ինձ է հայտնի՝ տենց միանշանակ չէ, թե որտեղից է կրակվել ու որտեղից սկսվել»։

Նշենք, որ Politik.am-ը հաղորդել էր, որ այս գիշեր ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցում է իրականացրել Կոռնիձոր գյուղի մոտ։ Մեր աղբյուրները` Կոռնիձոր գյուղից և Սյունիքի մարզպետարանից, հայտնում են, որ ադրբեջանցիները դիվերսիայի ժամանակ սպանել են մեր երեք զինվորների, որոնցից մեկին գլխատել են։

Վովա Վարտանովը գլխատված զինվորի մասին ասաց՝ առաջին անգամն եմ լսում, չեմ կարծում։