Նախագահ Ղանին հեռացավ, մայրաքաղաքում քաոս սկսվեց. Դիմադրող ուժ չկար. Նույնիսկ թալիբները չէին սպասում, որ այդքան շուտ կմտնեն Քաբուլ

Մանրամասներ

ա

Կանանց դերը Աֆղանստանում՝ ներառյալ նրանց աշխատանքի եւ կրթության իրավունքը, եւ թե ինչպես պետք է նրանք հագնվեն, որոշելու է իսլամիստ գիտնականների խորհուրդը: Այդ մասին Reuters-ին հայտնել է «Թալիբան» շարժման բարձրաստիճան ղեկավար Վահիդուլլահ Հաշիմին:

«Մեր գիտնականները կորոշեն՝ թույլ տա՞լ աղջիկներին գնալ դպրոց, թե՞ ոչ»,-ասել է Հաշիմին, որին հասանելի է խմբի որոշումների կայացման գործընթացը: «Նրանք կորոշեն՝ աղջիկները պե՞տք է հիջաբ, փարանջա կամ պարզապես քող եւ աբայա կրեն կամ մեկ այլ բան, թե՞ ոչ: Սա նրանց գործն է»:

Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը Քաբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կանանց թույլ կտան աշխատել եւ սովորել, եւ որ նրանք «շատ ակտիվ կլինեն հասարակության մեջ, սակայն իսլամի շրջանակներում»:

1996-2001 թվականների իրենց կառավարման տարիներին թալիբները թույլ չէին տալիս կանանց աշխատել: Աղջիկներին թույլ չէին տալիս դպրոց հաճախել, իսկ կանայք ստիպված էին փարանջա կրել եւ դուրս գալ միայն տղամարդ ազգականների ուղեկցությամբ: Նրանք, ովքեր խախտում էին կանոնները, նվաստացումների եւ հրապարակայնորեն ծեծի էին ենթարկվում թալիբների կրոնական ոստիկանության կողմից:

«Աֆղանստանի բնակչության 99.99 տոկոսը մահմեդական է եւ հավատում է իսլամին», - ասել է Հաշիմին: «Եթե դուք հավատում եք օրենքին, ապա անպայման պետք է կիրառեք այդ օրենքը: Մենք ունենք խորհուրդ, գիտնականների շատ հայտնի խորհուրդ: Նրանք կորոշեն, թե ինչ անել», - նշել է Հաշիմին:

Նրա խոսքով՝ նույնիսկ թալիբները չէին սպասում, որ այդքան շուտ կմտնեն Քաբուլ: Սակայն այն բանից հետո, երբ նախագահ Աշրաֆ Ղանին հեռացավ երկրից, մայրաքաղաքում քաոս սկսվեց: «Այդ պատճառով մեր ղեկավարությունը թալիբներին հրամայել է ուղեւորվել դեպի Քաբուլ: Դիմադրող ուժ չկար: Ոչ ոք չկար»: