Իրանի նախագահն արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրել է Հոսեյն Ամիրաբդոլլահյանի թեկնածությունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջադրել է Հոսեյն Ամիրաբդոլլահյանի թեկնածությունը: Նրա թեկնածությունը պետք է հաստատի խորհրդարանը:

Mehr-ի փոխանցմամբ՝ Ամիրաբդոլյահյանն ավարտել է քաղաքագիտության ֆակուլտետը եւ ստացել միջազգային հարաբերությունների դոկտորի աստիճան:

Ամիրաբդոլլահյանի թեզն ու ատենախոսության թեման Իրաքն էր, եւ, հաշվի առնելով իր պարտականություններն ԱԳՆ՝ Իրաքի բաժնում, նա համեմատաբար համապարփակ գիտելիքներ ունի հարեւան երկրում քաղաքական, կրոնական եւ էթնիկ զարգացումների վերաբերյալ:

Ամիրաբդոլլահյանը Բահրեյնում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն էր 2007-2010 թվականներին:

Դեսպանի առաքելությունն ավարտելուց հետո նա դարձավ Պարսից ծոցի քաղաքական վարչակազմի ղեկավարը: Նա 2006 թվականին եղել է արտաքին գործերի նախարարության՝ Պարսից ծոցի եւ Մերձավոր Արեւելքի հարցերով գլխավոր տնօրենը, այնուհետեւ՝ Արաբական եւ Աֆրիկյան հարցերով նախարարի տեղակալ 2011-2016 թվականներին: Նրա պաշտոնավարման ընթացքում լրացուցիչ քաղաքական ջանքեր գործադրվեցին դիմադրության առանցքն ամրապնդելու համար, ինչպես նաեւ նա ընդլայնեց կապերն Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի հետ:

2016 թվականից աշխատել է որպես արտաքին գործերի նախարարի խորհրդական, ինչպես նաեւ՝ Իրանի խորհրդարանի խոսնակի խորհրդական, ինչպես նաեւ եղել է խորհրդարանի միջազգային հարցերով գլխավոր տնօրենը:

Նա նշանակվել է Պաղեստինյան ինտիֆադայի միջազգային համաժողովի քարտուղարության ղեկավար, ինչը նրան թույլ տվեց, բացի համաժողովի կազմակերպումից, կապ պահպանել տարբեր քաղաքական, կրոնական եւ խորհրդարանական առաջնորդների, ինչպես նաեւ մի շարք երկրների որոշ պաշտոնյաների հետ: 

Հոսեյն Ամիր Աբդուլլահյանն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք նրան առանձնացնում են իր բոլոր նախկին արտգործնախարարներից: Նա ավելի քան երկու տասնամյակ աշխատել է արտաքին գործերի նախարարության ամենակարեւոր պաշտոնում եւ խորը գիտելիքներ եւ փորձ է ձեռք բերել այս ոլորտում, գրում է Mehr-ը: