Թիրախում Վահե Հակոբյանն ու Արմեն Գևորգյանն են. ինչ է սպասվում ԱԺ-ում

Մանրամասներ

1

«Խորհրդարանը երեկվանից շարունակեց 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները: Անցած մեկ շաբաթվա ընթացքում դեռ միայն ԱԺ նախագահ և 3 տեղակալներ են ընտրվել. պիտի 12 հանձնաժողովների նախագահներ ևս ընտրվեն:

Ու եթե աշխատանքի այս տեմպերը շարունակվեն, առաջիկա շաբաթը ևս նոր խորհրդարանի համար բուռն է լինելու: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ընդամենը երկու հանձնաժողովների նախագահի թեկնածուներ են ելույթներ ունեցել և պատասխանել հարցերին. դեռ 10-ը պիտի ներկայացնեն ելույթները, հարցերին պատասխանեն:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր աղբյուրներից, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի անհարմար հարցեր տա «Վերածնվող հայաստան»-ի առաջնորդ Վահե Հակոբյանին, որը առաջադրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հատկապես շեշտը դնելու են նրա ունեցվածքի վրա:

Հաջորդ թիրախում Արմեն Գևորգյանն է, որի ունեցվածքից սկսած՝ մինչ պետական ծառայություն մանրադիտակով ուսումնասիրել են: Այսինքն՝ առաջիկա օրերին ևս նախկինի ու ներկայի բախման պակաս չի զգացվի ԱԺ-ում: Ընդդիմությունն էլ իշխանական թեկնածուներին է հարցախեղդ անում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիրները որոշել են ընդդիմության թեկնածուներին միայն «կողմ» քվեարկել, իսկ իշխանական խմբակցությունը ձայներն այնպես պետք է բաշխի, որ բոլոր հանձնաժողովների նախագահներն օր առաջ ըտրվեն, և ԱԺ-ն սկսի իր գործունեությունը:

Այդ քվեարկությունները ամենատարբեր կանխատեսումներով հազիվ թե այս շաբաթվա վերջ հասցնեն կազմակերպել:

Նկատելի է, որ խորհրդարնական ընդդիմությունը ամբիոնի կարիքը շատ ուներ և օգտագործում է խորհրդարանական բոլոր վայրկյանները: Իշխանությունը ստիպված է լսել ամենասուր քննադատություններ իր հասցեին»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։