Նիկոլական իշխանության թեստը

Պատերազմից հետո Նիկոլին պետք է ոչ թե քննադատել, այլ պահանջել նրա հրաժարականը

1

2000-ականների սկզբից փողոցում, ընտրատեղամասում ու Ֆեյսբուքում պայքարել եմ հանուն ժողովրդավարության, օրինականության ու արդարության հաստատման: 2018-ի մայիսին ողջունել եմ իշխանափոխությունը, բայց հունիսից սկսած՝ սկսել եմ մտահոգություն հայտնել (այդպես էր, չէ՞, Նիկոլը «թույլատրել» իրեն քննադատելը) վարչապետ Փաշինյանի բացթողումների ու սխալների առումով:

Քանի գնում, այնքան շատանում էին Նիկոլի սխալները, եւ որքան շատանում էին Նիկոլի սխալները, այնքան «մտահոգությունները» վերածվում էին քննադատությունների եւ խիստ քննադատությունների: Եվ այդպես մինչեւ 2020 թվականի պատերազմը, դե իսկ պատերազմից հետո Նիկոլին պետք է ոչ թե քննադատել, այլ պահանջել նրա հրաժարականը: Հրաժարական պահանջել ոչ թե ինչ-որ սխալների ու բացթողումների, այլ ճակատագրական որոշումների ու, ինչպես բազմաթիվ ականատեսներն են վկայում (Հոխիկյանն ու Մանախը, օրինակ), Արցախը կանխամտածված ադրբեջանցիներին հանձնելու համար: 

Իսկ մեկ տարի առաջ՝ հուլիսի 25-ին, յոթերերդ գումարման Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված հանրային քննարկման ժամանակ ասել էր, թե հուլիսյան հաղթական մարտերը ցույց են տվել, որ իշխանության հռչակած արժեքներն ու առաջնահերթությունները թեստ են անցել, որ հնարավոր է միաժամանակ կառուցել ժողովրդավարություն, հզորացնել բանակը, գիտակցել սեփական ինքնիշխանությունը։

Դրանից երկու ամիս անց Ազգային ժողովում ելույթ ունենալով՝ Փաշինյանն ասել էր, որ «ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչի»: Դրանից էլ 44 օր անց նախկին «հպարտ» քաղաքացիներին «հայկական ագորա» խոստացող Նիկոլը բոլորից գաղտնի ստորագրեց համարյա թե կապիտուլյացիոն ակտ: Իսկ վերջերս էլ, եթե չեք մոռացել, արտահերթ խորհրդարանական ընտրության քարոզարշավին հայտարարել է, որ մենք, այո, պարտվել ենք, եւ ինքը հպարտ է այդ պարտությամբ: 

Եթե 2018-ի մայիսից Հայաստանում հաստատված լիներ ոչ թե «ժողովրդի իշխանություն»՝ էլ չասած «ժողովրդավարության բաստիոնի» մասին, այլ ընդամենը պահպանվեր ժողովրդավարական այն գործընթացը, որն առկա էր նախկինների եւ հատկապես Սերժ Սարգսյանի օրոք, ապա դատախազությունը վաղուց էր քրեական գործ հարուցել ՀՀ քաղաքացի Փաշինյան Նիկոլի եւ նրա կամակատարների նկատմամբ: Քանի որ գործող իշխանությունը ոչ թե միաժամանակ ժողովրդավարություն է կառուցել, հզորացրել է բանակն ու գիտակցել սեփական ինքնիշխանությունը, այլ հաստատել է բռնապետություն, ջախջախել է բանակը եւ զրոյական մակարդակի է հասցրել Հայաստանի ինքնիշխանությունը: Էլ չեմ խոսում Արցախի ինքնիշխանության ու տարածքային կորուստների, հազարավոր զոհերի մասին:

Ահա, այսպիսին էր 2020 թվականի հուլիսյան հաղթական մարտերի միամյակը: Այն մարտերի, որի արդյունքում Նիկոլը Մարտական խաչի շքանշան էր բաժանում զինվորականներին՝ ճիշտ այնպես, ինչպես դրանից չորս ամիս առաջ ծաղիկներ էր բաժանել Երեւանի կենտրոնով քայլող կանանց ու աղջիկներին: Եվ նման ճակատագրի արժանացավ միաժամանակ ժողովրդավարություն կառուցելու, բանակը հզորացնել եւ սեփական ինքնիշխանությունը գիտակցելու նիկոլական իշխանության թեստը:

«Հրապարակ»