Երբ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն է հանդես գալիս հայտարարությամբ, պետք է շուտով սպասել ավելի թեժ իրադարձությունների

Մանրամասներ

1

Հայաստան-Ադրբեջան և, հատկապես, Երասխ- Սադարակ հատվածի սահմանային լարված իրավիճակի առնչությամբ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Թերևս սա այն դեպքերից է, երբ հայտարարության «անկեղծությունից» ցնցված, պետք է խաչակնքել կամ առնվազն ասել` խեր լինի… Թե Միացյալ Նահանգները և Եվրոպան իրականում որքա՞ն են մտահոգված, կամ, ընդհանրապես, մտահոգվա՞ծ են, թե ոչ, եթե մտահոգված են, իրականում ինչո՞վ են մտահոգված, տեսանք ու հասկացանք 2020թ. 44-օրյա պատերազմին անմիջապես նախորդած շրջանում և ողջ պատերազմի ընթացքում:

«Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:

Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,- նշված է հայտարարության մեջ։

«Արագ»-ը հասկանալի է, իսկ, ի՞նչ է, լարվածությունը ոչ խաղաղ կերպո՞վ էլ են թուլացնում, որ հիմա կոչ է արվում «խաղաղ կերպով թուլացնել»… Պարզվում է, այո: Օրինակ, կողմերից մեկը մյուսին պատերազմում պարտվում է, հետո ստորագրում է կապիտուլյացիոն համաձայնագիր, և լարվածությունը, պատերազմի օրերի համեմատ, մեծապես թուլանում է: Այնպես որ, ԱՄՆ-ը գիտե ինչ է հայտարարում, ինչ է ակնարկում, և բացառված չէ, որ նույնիսկ տեղյակ է Երևանից մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ ծավալվելիք իրադարձությունների սցենարին, հայտարարությունն էլ նրա համար է, որ հետո ասեն` մենք ձեզ ժամանակին կոչ արեցինք…

Կարճ ասած, երբ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն է հանդես եկել Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերի, հատկապես, Երասխ- Սադարակ հատվածի վերջին դեպքերի առնչությամբ հայտարարությամբ, պետք է շուտով սպասել ավելի թեժ իրադարձությունների:

Վերոնշյալի մասին է հուշում նաև այն, որ ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հրավիրել և երեկ` հուլիսի 20-ին, ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, ինչը սովորաբար արվում է վճռորոշ կամ կարևոր իրադարձությունից կամ իրադարձություններից առաջ ու դրանց վերաբերյալ երկրի դիրքորոշումն արտաքին աշխարհին ներկայացնելու նպատակով: Իսկ ո՞րն է լինելու այդ վճռորոշ իրադարձությունն այս դեպքում… Ընդդեմ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ուժի կիրառման և ուժի կիրառումը քաղաքականության մշտական գործիք դարձնելու, Արմեն Գրիգորյանը հատուկ ընդգծել է` «Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը…»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում