«Մակակո Տիաո շիմպանզեի և Նիկոլ Փաշինյանի առեղծվածը»․ Էդգար Ղազարյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մակակո Տիաո շիմպանզեի և Նիկոլ Փաշինյանի առեղծվածը․․․

ՀՀ Ազգային ժողովի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկման նիստի 5-րդ օրը (հուլիսի 13-ին), պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հարցին,

«Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը, Բարձր դատարանին ներկայացրեց մի ուշագրավ պատմություն՝ 1988 թվականի Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ընտրողների իրականացրած մի յուրօրինակ քվեարկության մասին։ Ինձ շատ հետաքրքիր այդ պատմության հետքերով՝ փորձեցի պարզել որոշ մանրամասներ։

Պարզվեց, որ 1988 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել քաղաքապետի ընտրություն։ Այդ պահին Բրազիլիայում գործող ընտրական օրենսդրությունը հնարավորություն է տվել քաղաքի բնակիչներին ընտրություն կատարել ոչ միայն պաշտոնապես, այլև իրենց կողմից առաջադրված թեկնածուների կազմից։ Այսինքն, ընտրողներն իրավունքն են ունեցել առաջադրել սեփական թեկնածուների և ընտրել նրանց։ Օգտվելով այդ օրենսդրական հնարավորություններից՝ տեղական Casseta Popular և Planeta Diário օրաթերթերը հումորային առաջարկ են արել ընտրողներին, որպես թեկնածու առաջադրեն և ընտրեն Ռիո դե Ժանեյրոյի գազանանոցի բնակիչ Մակակո Տիաո կապիկին, որը վերջին տարիներին քաղաքում մեծ ճանաչում է ձեռք բերել այն բանի պատճառով, որ ցեխ ու կեղտ է շպրտել այցելուների, հատկապես քաղաքական գործիչների վրա և դա զվարճացրել ու դուր է եկել քաղաքի մյուս բնակիչներին։

Արդյունքում ստացվել է, որ քաղաքապետի ընտրության ժամանակ առաջադրված 12 թեկնածուներից ոչ մեկին նախապատվելի չհամարելով և, այսպես ասած, «նախկինների վերադարձը» կանխելու նպատակով, շուրջ 400․000 քաղաքացիներ, իրենց կողմից առաջադրել և քաղաքապետ են ընտրել Մակակո Տիաո կապիկին։

Զարմանալի է, որ այդ զավեշտալի և յուրահատուկ տրամաբանությունը գործել է նաև Հայաստանում, Ռիո Դա Ժանեյրոյի ընտրություններից 30 տարի անց։ Ինչպես 2018 թվականի դեկտեմբերին, այնպես էլ 2021 թվականի հունիսին Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ «նախկինների վերադարձը» կանխելու նպատակով համախմբվել են Նիկոլ Փաշինյանի շուրջ, նախապատվություն են տվել նրա թեկնածության օգտին քվեարկելուն, ով, ինչպես Տիաո շիմպանզեն, չունենալով սեփական գաղափարներ և ծրագրեր, քաղաքական հայացքներ և թիմակիցներ, աչքի է ընկել և ճանաչում է ձեռք բերել միայն ու միայն ուրիշներին քննադատելու, նրանց հասցեին լուտանք, վիրավորանք շպրտելու արդյունքում։

Բազմաթիվ ընդհանրությունների ֆոնին տարբերություններից մեկն այն է, որ Բրազիլիայում ընտրությունները եղել են տեղական նշանակության, իսկ մեր պարագայում՝ համապետական։ Տիաո կապիկի (400․000 կողմ ձայն) և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին (շուրջ 680․000 կողմ ձայն) քվեների տարբերությունը նույնպես մեծ չէ։ Եթե հարաբերվի ընտրողների ընդհանուր թվի հետ և դրանից էլ հանվի ընդդիմության ներկայացուցիչների հաշվարկներով ներկայացված ընտրախախտումների թիվը, ապա դրանք գրեթե հավասարվում են։ Տարբերություն է նաև այն, որ բրազիլացիները հումորով են վերաբերվել իրենց ընտրությանը և դա արել են մեկ անգամ, իսկ հայերը՝ բավական չէ, որ դա արել են երկու անգամ, հետն էլ՝ ամենայն լրջությամբ, ավելին նաև բոլոր հնարավոր անմիտ բացատրություններով, տարիներ շարունակ փորձում են արդարացնել իրենց կատարած ընտրությունը՝ աչք փակելով անգամ այդ ընտրության աղետալի և ողբերգական հետևանքների վրա՝ զարմացնելով ողջ աշխարհին, այդ թվում, հավանաբար, բրազիլացիներին։

Ի դեպ, Մակակո Տիաո կապիկն այդ ընտրությունից հետո ոչ մի վնաս չի տվել Ռիո դե Ժանեյրոյի բնակիչների, նա պատերազմ չի հրահրել, հազարավոր մարդիկ նրա պատճառով չեն զոհվել, նրա մեղքով գերության մեջ ոչ ոք չի հայտնվել, միլիարդավոր դոլարների վնասներ երկիրը չի կրել։

Ռիո դե Ժանեյրոյի գազանանոցում տեղադրված է Մակակո Տիաո կապիկի արձանը, նրան երկար ժամանակ է հիշում են քաղաքում, ավելին, նրա մասին պատմությունը 33 տարի անց հիշատակվել է նաև Հայաստանի Սահմանադրական դատարանում՝ նրա Հայաստանյան բախտակից՝ Նիկոլ Փաշինյանի «հաղթանակ»-ի արդյունքների բողոքարկման գործի շրջանակներում։

2018 թվականի իրադարձություններից հետո, Հայաստանի ճանապարհներից մեկին նույնպես տեղադրվել է Նիկոլ Փաշինյանի արձանը, սակայն վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանի «ընտրության» և դրա արդյունքներին վերաբերող Սահմանադրական դատարանի 2021 թվականի հուլիսի 17-ի որոշման մասին ցուցանակ կամ որևէ այլ հիշատակում կլինի Ռիո դե Ժանեյրոյի գազանանոցում»։