Սերժ Սարգսյանը ե՛ւ ասելիք ունի, ե՛ւ անելիք ունի քաղաքականության  մեջ

«Ստիպելու ենք Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարությանը աշխատել, սակայն ոչ «ռեակցիոն» գործելակերպով
սերժ


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ուղնուծուծով լինելով ՀՀԿ–ական, պետք է շարունակի մնալ ՀՀԿ–ի ղեկավար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչո՞ւ պետք է ՀՀԿ նախագահը փոխվի։ Ինքը որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եւ որպես մարդ, որն ուղնուծուծով ՀՀԿ–ական է իր գաղափարներով, պետք է շարունակի մնալ ՀՀԿ ղեկավար»,–ասել է նա։

Հարցին՝  Սերժ Սարգսյանի ցանկությո՞ւնն է մնալ ՀՀԿ ղեկավարի պաշտոնում, Շարմազանովն ասել է.

«Պարոն նախագահը երբեք իր ցանկություններով չի առաջնորդվել ո՛չ պետական պաշտոններում, ո՛չ կուսակցական պաշտոններում։ Դեռ շատ ժամանակ  կանցնի ու մեր քաղաքացիները կհասկանան, որ եթե մեր երկրում այս 25-30 տարվա ընթացքում երկու կամ երեք պատասխանատու պետական մտածող գործիչ է եղել, դրանցից մեկը եղել է Սերժ Սարգսյանը ե՛ւ որպես կուսակցության առաջնորդ, ե՛ւ որպես պետության առաջնորդ, ե՛ւ որպես արցախյան ինքնապաշտպանական ուժերի հրամանատար»։

Էդուարդ Շարմազանովը չի նշում, թե երբ է լինելու կուսակցության համագումարը, սակայն համոզված է՝ եթե այսօր էլ լինի համագումարը, Սերժ Սարգսյանը ձայների մեծամասնությամբ կվերընտրվի կուսակցության ղեկավարի պաշտոնում։

«Անսխալական մարդիկ չան, սակայն ես ինչպես այն ժամանակ եմ հպարտ եղել, որ ինքն իմ կուսակցության նախագահն է, հիմա էլ կրկնակի հպարտ եմ, Սերժ Սարգսյանը ե՛ւ ասելիք ունի, ե՛ւ անելիք ունի քաղաքականության  մեջ եւ իմ խորին համոզմամբ պետք է շարունակի ղեկավարել  ՀՀԿ–ն»,– ասել է նա։

ՀՀԿ–ն, նրա խոսքով, արտախորհրդարանական «կլասիկ» ընդդիմություն  է լինելու.

«Ստիպելու ենք Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարությանը աշխատել, սակայն ոչ «ռեակցիոն» գործելակերպով, հանդես ենք գալու օրենսդրական նախաձեռնություններով»։