«Նոր իրադրության մեջ կարեւորագույն խնդիրը նոր համազգային օրակարգի ձեւավորումն է». Փաշինյանն ընդունել է Արա Թորանյանին

Մանրամասներ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանին:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ՀՀ կառավարության ներկայացուցիչների եւ Սփյուռքի միջեւ պարբերական շփումները, որոնք հնարավորություն են տալիս կիսել գնահատականները, փոխադարձաբար լսելի լինել միմյանց: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հայրենիքի առջեւ ծառացած խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն ազգային ներուժի համախմբման միջոցով: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ստեղծված նոր իրադրության մեջ կարեւորագույն խնդիրը նոր համազգային օրակարգի ձեւավորումն է՝ հաշվի առնելով նպատակներն ու հնարավորությունները: «Պետք է համախմբենք մեր համազգային կարողությունները՝ մարտահրավերներին դիմագրավելու եւ համազգային օրակարգի առաջ մղման նպատակով», - ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Արա Թորանյանն անդրադարձել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, Ֆրանսիայում մեր երկրի շահերի պաշտպանությանն ուղղված գործողություններին եւ այդ երկրի իշխանությունների հետ համագործակցության ընթացքին: Պարոն Թորանյանը կարեւորել է հայրենիքում կայունության ապահովումն ու ստեղծված խնդիրների լուծման գործում Սփյուռքի հետ հետեւողական ու շարունակական համագործակցությունը: «Բարձր գնահատանքի է արժանի Ձեր բռնած ճանապարհը ժողովրդավարական արժեքների ամրապնդման գործում: Մենք եղել եւ շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր հայրենիքի պետականության պաշտպանության եւ զարգաման գործին»,- ասել է Արա Թորանյանը: