Ուր մնացին սակագների նվազեցման խոստումները. ով պետք է վճարի ներմուծվող գազի գնի բարձրացման դիմաց 

Ներմուծվող գնի բարձրացման դիմաց ինչ-որ մեկը պետք է վճարի, եթե դա սպառողները չեն, ապա ո՞վ է

 

Չնայած ձևավորված սպասումներին, այնուհանդերձ կառավարությունն այդպես էլ չկարողացավ գտնել միջոցներ հանրային ծառայություններն էժանացնելու համար։ Ու հիմա սկսել է հասարակությանը համոզել, որ սակագները չբարձրացնելն արդեն լուրջ ձեռքբերում է։

Մինչդեռ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն անխնա քննադատության էին ենթարկում նախկիներին՝ հանրային ծառայությունների չհիմնավորված բարձր գների, ոլորտում ֆինանսական չարաշահումների, ծախսերն ուռճացնելու, միլիոների հասնող կորուստների համար։ Մեկ անգամ չէ, որ հայտարարվել է սակագները նվազեցնելու հնարավորությունների մասին։ Սակայն իշխանության գալուց հետո այդ խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում։

Այլևս պարզ է, որ հերթական սակագնային տարում խմելու ջրի համար սպառողները վճարելու են այնքան, որքան մինչև իշխանափոխությունը։ Իհարկե, դա չի նշանակում, որ հաջողվեց խուսափել ջրամատակարարման ոլորտում մատուցվող ծառայությունների գնի բարձրացումից։ Իրականում խմելու ջրի սակագինը բարձրացավ շուրջ 11 դրամով, ինչը բավական կտրուկ փոփոխություն է։ Պարզապես դրա կիրառումը մի քանի տարով հետաձվեց։

Այսպես թե այնպես, սպառողներն ինչ-որ պահից վճարելու են այդ գումարը։ Ու այդ ժամանակ սակագնի ծանրությունն ավելին է լինելու, քան կարող էր լինել։

Էլեկտրաէներգիայի սակագինը ևս սպառողների հիմնական խմբերի համար կմնա նույնը։ Կառավարությունը քերելով հազիվհազ կարողացավ որոշակի միջոցներ գտնել պահպանելու սոցիալապես անապահով խավերի համար անցած տարվա հուլիսի 1-ից գործող սակագնային, այսպես ասած, արտոնյալ ռեժիմը։

Հիշեցնենք, որ ընդառաջելով կառավարությանը՝ «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ընկերությունը ստանձնեց սոցիալապես անապահով խմբի սպառողների համար հոսանքի գինը 10 դրամով փոխհատուցելու պարտավորությունը։

Ցածր սակագինը նրանց համար կպահպանվի նաև ընթացիկ տարի։ Այսինքն՝ սոցիալապես անապահովները կշարունակեն վճարել այնքան, որքան վճարում էին։ Կառավարությունը նման քայլի գնաց այն բանից հետո, երբ հասկացավ, որ էլեկտրաէներգիայի էժանացման հնարավորությունը սպառողների բոլոր խմբերի վրա կիրառելու դեպքում ազդեցությունը կլինի ընդամենը 0,37 դրամ։ Հասկանալի է, որ մեծ բան չէ։ Պատկերացնելու համար՝ ասենք, որ 2017թ. սակագնային տարում նախորդ իշխանությանը հաջողվեց էլեկտրաէներգիան բոլոր սպառողների համար էժանացնել 4 դրամով։

Բացի խոստումներ շռայլելուց, կառավարությունը ոչինչ չկարողացավ անել գազի սակագնի հարցում։ Այն ևս չի էժանանա։ Հույսերը, որ Ռուսաստանը կնվազեցնի մատակարարման գինը, չարդարացան։ Ընդհակառակը՝ այն նույնիսկ թանկացավ 10 տոկոսով՝ նախկին 150-ից դառնալով 165 դոլար։

Ու այս պայմաններում որքան էլ հայտարարվի, թե ներքին սակագները կպահպանվեն, դա չի կարող համարվել ձեռքբերում, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Ըստ էության, դրանով հիմքեր են ստեղծվում նոր պարտքեր կուտակելու կամ ապագայում սակագները բարձրացնելու համար։

Ներմուծվող գնի բարձրացման դիմաց ինչ-որ մեկը պետք է վճարի։ Եթե դա սպառողները չեն, ապա ո՞վ է։ Այս հարցի պատասխանն առայժմ գաղտնի է պահվում։ Բայց դա մի օր հայտնի է դառնալու։ Չի կարող այնպես լինել, որ «Գազպրոմը» մի գրպանից փողը դնի մյուս գրպանը և համարի, որ հարցը լուծված է։ Այդ դեպքում ո՞րն է ընդհանրապես մատակարարման գնի բարձրացման տրամաբանությունը։

Հատկապես որ, ինչպես բազմիցս հայտարարվել է, սակագնի նախորդ իջեցումից հետո համակարգը սկսել է կորուստներ ունենալ։ Սպառման ընդլայնման միջոցով ֆինանսական մուտքերն ավելացնելու ակնկալիքները չարդարացան։ Սակագնի նվազեցումն անհրաժեշտ էֆեկտիվությունը չունեցավ, ինչի հետևանքով «Գազպրոմը» ստիպված է փոխհատուցել ձևավորվող վնասները։ Այս պայմաններում տրամաբանությունից դուրս է, երբ ներմուծումը թանկանում է, իսկ ներքին սակագները չեն փոխվում։ Այդպես չի լինում։

Որոշ տվյալներով, առաջիկայում «Գազպրոմ Արմենիան» մտնելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` սակագները վերանայելու հայտով։

Անկախ դրանից, ակնհայտ է, որ գազի գնի հետ կապված հերթական թնջուկն է հասունանում։ Բայց խնդիրը միայն դա չէ։ Հարց է առաջանում, թե ի՞նչ եղան սակագների նվազեցման այն ներքին ռեսուրսները, որոնց մասին խոսում էին այսօրվա քաղաքական իշխանության ներկայացուցիչները։

Բերենք մի հատված ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթներից.

«Հայաստանի սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար։ Այսինքն՝ գազամատակարարման համակարգում կորում է 20 մլն դոլարի` տարեկան 127 մլն խորանարդ մետր գազ, և դրա համար վճարում է սպառողը։ Սա բացատրվում է տեխնոլոգիական կամ առևտրային անխուսափելի կորուստներով։ Բայց երբ համեմատում ենք Ուկրաինայի օրինակով, ապա այդ կորուստների համար մենք կվճարեինք 9 մլն դոլարով պակաս»։

Եթե ճիշտ էին Նիկոլ Փաշինյանի այս պնդումները, ապա ստացվում է, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա սպառողները վճարում են չեղած կորուստների դիմաց, բայց կառավարությունը ոչինչ չի անում այն կանխելու համար։ Իշխանափոխությունից անցել է 8 ամիս։ Թվում է, թե այդ ժամանակը լիովին բավարար էր համակարգի չարաշահումները բացահայտելու և գոնե թե ներքին միջոցների հաշվին «ուռճացված» սակագներն իջեցնելու համար։

Հիշեցնենք, որ ժամանակին հայտարարվում էր ներքին միջոցների հաշվին գազի սակագինն ընդհուպ մինչև 20-25 տոկոս նվազեցնելու հնարավորության մասին։

Ամիսներ շարունակ կառավարության ձևավորած աշխատանքային խումբը զբաղված էր այդ խնդրով։ Սակայն դատելով նրանից, որ նոր սակագնային տարվա համար կառավարությունը նման նախաձեռնությամբ այդպես էլ հանդես չեկավ, կարելի է ասել, որ գազամատակարարման ոլորտում այդպիսիք չեն գտնվել։

Բա ո՞ւր մնացին ներքին թալանի, չարաշահումների ու ուռճացումների հաշվին սակագները նվազեցնելու՝ նախկինում արված հայտարարությունները։

Այնպիսի տպավորություն է, որ ներմուծվող գազի դիմաց սպառողներն այլևս կրկնակի թանկ չեն վճարում։ Իշխանության գալուց հետո նախկին ընդդիմությունը դադարել է այդ մասին խոսել։ Ընդհակառակը՝ կառավարությունը սկսել է հասարակությանը նախապատրաստել նրան, որ մեծ ձեռքբերում է նույնիսկ գազի ներքին սակագնի պահպանումը։

Այստեղ տեղին է մեջբերել Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սերժի ժամանակ բոլորը դժգոհ էին գազի գնից, հայհոյում էին իրեն, ընդդիմությունն էլ հայտարարում էր, որ Սերժը չլինի՝ իրենք կիջեցնեն գազի գինը։ Հիմա ներկայիս իշխանությունները նենց են ներկայացնում, որ եթե գազի գինը գոնե մնա նույնը, իրենք արդեն հերոս են, ու մեկը չի ասում, թե՝ բա դուք իջեցում էիք խոստանում»։

 

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ