Քաղցկեղով հիվանդները կարո՞ղ են պատվաստվել կորոնավիրուսի դեմ և ո՞ր դեպքում այն պետք է հետաձգել. Ուռուցքաբանը պարզաբանում է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

COVID-19 համաճարակը, որն առաջացել է SARS-CoV-2 վիրուսով, շարունակում է լուրջ ազդեցություն ունենալ շատ մարդկանց՝ ներառյալ քաղցկեղով հիվանդների, նրանց ընտանիքների և խնամակալների առողջության վրա:

Առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու, ուռուցքաբան Հայկուհի Գյոկչյանի փոխանցմամբ՝ համաձայն կատարված մի շարք հետազոտությունների՝ քաղցկեղով հիվանդների մոտ կորոնավիրուսային վարակով պայմանավորված մահացությունը կազմում է 26%:

«Առավել մեծ է կորոնավիրուսային վարակից մահացության վտանգը օնկոհեմատոլոգիական  խնդիրներ ունեցող և թոքի քաղցկեղով հվանդների մոտ: Բացի այդ, քաղցկեղի պատճառով իմունային ճնշված հիվանդները կարող են լինել վիրուսի երկարատև տարածման աղբյուր: Կորոնավիրուսային վարակի պատճառով կարող է գրանցվել քաղցկեղային հիվանդության պրոգրեսիա կամ խախտել բուժման կուրսերի տևողությունը, հերթական կուրսի ստանալու ժամկետները:

ԱՀԿ-ի կողմից դեռևս առկա չեն հստակ ուղեցույցներ քաղցկեղով հիվանդներին COVID-19 պատվաստումների վերաբերյալ: Քանի որ յուրաքանչյուր մարդու համար իրավիճակը տարբեր է, լավագույնն այն է, որ COVID-19 պատվաստանյութը ստանալու ռիսկերն ու օգուտները քննարկեն բուժող օնկոլոգի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Հայկուհի Գյոկչյանը:

Հարցին՝ ո՞ր դեպքում է կորոնավիրուսի դեմ պատվաստումը խորհուրդ տրվում հետաձգել, ուռուցքաբանը նշեց.

«Կորոնավիրուսի դեմ պատվաստումը խորհուրդ է տրվում հետաձգել իմունոթերապիա ստացող, տրանսպլանտացիայի ենթարկված հիվանդներին, բջջային թերապիա ստացող հիվանդներին (օրինակ՝ քիմերային հակածնային ռեցեպտոի T-բջիջները CAR): Քաղցկեղով տառապող մարդիկ (կամ քաղցկեղի պատմություն ունեցողները) կարող են պատվաստանյութեր ընդունել, բայց դա կախված է բազմաթիվ գործոններից, ինչպիսիք են պատվաստանյութի տեսակը, մարդու մոտ առկա քաղցկեղի տեսակը, եթե նրանք դեռ բուժվում են, ապա բուժման սխեմաների ինտենսիվությունը, գնահատել իմունային համակարգի վիճակը: Այդ իսկ պատճառով ամենալավն այն է, որ նախքան ցանկացած տեսակի պատվաստանյութ վերցնելը, խոսեն բուժող բժշկի հետ»:

Պատվաստանյութեր ստանալուց հետո արձանագրված ընդհանուր կողմնակի բարդություններն են՝ ներարկման տեղում ցավ, կարմրություն կամ այտուց, հոգնածության զգացողություն, գլխացավ, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դող, սարսուռ, մկանների և հոդերի ցավ, սրտխառնոց: Պատվաստումը բաղկացած է 2 ներարկումից, և երկրորդ ներարկումից հետո զարգացած կողմնակի երևույթներն ավելի արտահայտիչ կարող են լինել, քան առաջինից հետո:

Հավելենք, որ հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224430 դեպք, որոնցից 216230-ը` առողջացած, 4503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2601 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1160290 թեստավորում:

Այսպիսով` հունիսի 22-ին կատարվել է 3881 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք: Կա 48 առողջացած և 1 մահվան դեպք:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն էլ հունիսի 22-ին մամլո ասուլիսի ժամանակ ասել էր. «Մենք շարունակում ենք մեր աշխատանքը «Կովաքս» հարթակի հետ, որը մեզ նոր պատվաստանյութեր է առաջարկել՝ «Johnson & Johnson»-ի, ինչպես նաև ամերիկյան արտադրության «Նովավաքս» պատվաստանյութերը: Կլինեն նաև «AstraZeneca»-ի նոր խմբաքանակներ: Հայաստանն օրերս «Սպուտնիկ V»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել»:

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 20-ի դրությամբ` կատարվել է 64293 պատվաստում: «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

168․am