Բաքվում, մյուս քաղաքներում ու վայրերում ողջ գիշերը սալյուտ են խփել․ Նիկոլին հիշեցնում են իր խոստումները կատարելու մասին

Ադրբեջանը հրճվում է․․․

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների գիշերը, երբ արդեն սկսել էին հայտնի դառնալ առաջին արդյունքները, ու պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ձայների առավելություն ունի, աննկարագրելի աշխուժություն ու հրճվանք սկսվեց ադրբեջանական ֆորումներում:

Ադրբեջանցի օգտատերերը հրճվանք էին ապրում այն փաստից, որ Հայաստանում կրկին Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա իշխանություն ձևավորել:

 

  

Ակնհայտ է մի բան. ադրբեջանական հասարակությունը իր՝ 30 տարվա ընթացքում Հայաստանի ու Արցախի նկատմամբ ունեցած նկրտումների չիրականացված երազանքների կատարումը կապում է Նիկոլ Փաշինյանի հետ, ու երբեք անցած ամիսների ընթացքում դա չի էլ թաքցրել:

Թե ինչո՞ւ հայ հասարակության առնվազն կեսը դա չհասկացավ ու չընդունեց, թերևս, հոգեվերլուծաբանների տիրույթում է:

Իրենց ուրախությունը չէին թաքցնում նաև Բաքվում, ադրբեջանական մյուս քաղաքներում՝ որոշ վայրերում ողջ գիշերը շարունակվող հրավառությունների տեսքով:

Անտանելի էր տեսնել նաև նույնը Արցախ աշխարհի զարդ Շուշիում, սակայն առավել անտանելի է այն, որ դրա գիտակցումը չկա հայ հասարակության մեջ:

Ըստ էության 30 տարի շարունակ գեներացված ատելության պատը փշրելը դժվարագույն գործ է, այլապես մեր ազգաբնակչությունը չէր գերադասի թուրքերի ներխուժումը նախկինների վերադարձից ու այդ ներխուժումը նրանց միջոցով կանխելուց:

Հայաստանյան ընտրություններին երեկվա իր խմբագրականում անդրադարձել է նաև ադրբեջանական haqqin.az քարոզչամեքենան:

«Հայկական քվեարկությունն այն դեպքն է, երբ գյուղը հաղթում է քաղաքին»,- գրում է կայքը՝ իր քարոզչության թիրախ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելով՝ որպես ռեֆորմատոր ու պետական բյուջեն նախկինների թալանածով լցրած գործչի:

Ադրբեջանական կայքը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Փաշինյանի օգտին քվեարկած 687 251 քաղաքացիների գերակշիռ մասն ապրում է գյուղական բնակավայրերում, իսկ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հիմնականում քաղաքաբնակներ են:

«Եվ հիմա նա երկրով մեկ շրջում էր մուրճով ու ուրագով՝ գյուղական տեղանքի համար քարոզի առավել դիտարժան միջոցներով, այսինքն՝ անում էր այն, ինչ նախկինում էր անում՝ իր խաղադրույքները դնելով մարդկանց բնազդի վրա… Ոչ մի գաղափարախոսություն, ոչ մի գաղափարական նախագիծ: Դրանից հոգնել են: Փաշինյանը դա թոթափել է՝ շնորհիվ նաև պատերազմում իր կրած պարտության»,- գրում է ադրբեջանական քարոզչամեքենան:

Թշնամական երկրի՝ լայն սփռում ունեցող լրատվամիջոցը նաև մեսիջներ է հասցնում Փաշինյանին՝ հիշեցնելով, որ նրա գլխավոր անելիքը դեռ առջևում է:

«Ռևանշիստական տրամադրությունները Հանրապետությունում լուրջ են. Քոչարյանի օգտին քառորդ միլիոնից ավելի քաղաքացիներ են իրենց ձայնը տվել: Եվ դա անխուսափելի է: Ցանկացած հայ քաղաքական գործիչ, ով ընտրություններում հաղթել է պատերազմում կրած ծանրագույն պարտությունից հետո, գործ կունենա ռևանշիստական տրամադրությունների հետ»,- նշել է haqqin.az-ը՝ չմոռանալով Փաշինյանին հիշեցնել իր վերցրած պարտավորությունների մասին:

Կայքը գրում է, որ Հայաստանի՝ ընտրություններում հաղթած քաղաքական գործչի առջև 3 խնդիր է դրված, և դրանցից առաջինը Երևանի կողմից պատերազմի արդյունքներով իր վրա վերցրած քաղաքական պարտավորությունների կատարումն է՝ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերն ավարտին հասցնելը և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը:

Այստեղ ադրբեջանական քարոզչամեքենան մանիպուլյացիայի է դիմում ակնհայտ ստի միջոցով. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ որևէ կետ սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին չկա, իսկ սա նշանակում է, որ ադրբեջանցիները Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են իր տված բանավոր խոստումների ու պայմանավորվածությունների մասին:

Փաշինյանի հաջորդ խնդիրը, ըստ ադրբեջանցիների՝ Հայաստանի տնտեսության վերականգնումն է՝ հավանաբար իր պատկերացրած սցենարով, թուրքական կապիտալի միջոցով:

«Եվ երրորդ. պետք է փոխել ռևանշիզմի միտված խեղված հասարակական գիտակցությունը և այդ էներգիան ուղղել այլ հուն, այսինքն՝ հայ հասարակությանը բացատրել, որ երկրին ոչ թե ռևանշ, այլ վերածնունդ է պետք»,- եզրափակում է կայքը: Դե ինչ, ադրբեջանական կողմը չի թաքցնում իր մտադրություններն ու հստակ ու պարզ խոսում է իր նպատակների մասին:

Մնացածն արդեն մեր հանրության գիտակցության խնդիրն է ու ընդդիմության քայլերի հաջորդականության ու գործողությունների ռազմավարության հարցը: