Սկսել են աշխատանքից ազատել կորոնավիրուսի դեմ չպատվաստված բուժաշխատողներին

Մանրամասներ

ա

Իտալիայում սկսել են աշխատանքից ազատել այն բուժաշխատողներին, որոնք դեռևս կորոնավիրուսի դեմ չեն պատվաստվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ իտալական Sky TG24 հեռուստաալիքին հղումով:

Իտալիայում առաջին պատվաստումները սկսվել են դեկտեմբերի 27-ին՝ Հռոմի Lazzaro Spallanzani ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտում և շարունակվել ամբողջ հանրապետությունում։

Ապրիլի 1-ին Նախարարների խորհուրդն ընդունել է կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ հերթական որոշումը, որի համաձայն՝ երկրի առողջապահական ոլորտի բոլոր աշխատակիցները պետք է պարտադիր պատվաստվեն։ Կառավարության որոշման համաձայն՝ պատվաստումից հրաժարված բուժաշխատողին կարող է առկայության դեպքում առաջարկվել այլ աշխատանք՝ բացառելով գործընկերների և հիվանդների հետ շփվելու հնարավորությունը: Աշխատանքի բացակայության դեպքում աշխատողները կարող են պարզապես ժամանակավորպես մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը հեռացվել աշխատանքից:

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում չի պատվաստվել առողջապահության ոլորտի մոտ 46 հազար աշխատակից, ինչը կազմում է 2,3 տոկոսը, որոնց մեծ մասն արդեն գրանցվել է պատվաստումների համար։

Իտալիայի իշխանությունները նպատակ են դրել մինչև սեպտեմբերի վերջ պատվաստել երկրի բնակչության 80 տոկոսին։ Հայտնի է, որ երկրում պատվաստանյութի առաջին չափաբաժինն է ստացել իտալացիների կեսից ավելին, իսկ 15,9 միլիոն մարդ (12 տարեկանից բարձր բնակչության 29,4%-ը) ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։