Մոսկվան կճանաչի այս ընտրությունները, քանի որ Փաշինյանի հետ հարաբերություններն արդեն փորձված են և ամրագրված եռակողմ հայտարարությամբ

Մանրամասներ

ա

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակն արտահերթ խորհրդարանական ընտրություններում նվազագույն փոփոխություններ կբերի Երևանի և Մոսկվայի հարաբերություններում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը` չբացառելով, որ Ռուսաստանը կընդունի ընտրությունների արդյունքները:

«Փաշինյանի կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում Հայաստանի հետ մեր հարաբերությունների վրա կազդի նվազագույն կերպով, քանի որ այդ հարաբերություններն արդեն փորձված են և ամրագրված Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով եռակողմ հայտարարությամբ»,- ասել է Կալաշնիկովը:

Նրա կարծիքով` «որևէ փոփոխություն ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններում, այդ թվում` ռազմատեխնիկական համագործակցության հարցով, խորհրդարանի նոր կազմի ձևավորմամբ չի լինի»:

Կալաշնիկովը կարծում է, որ «եթե խորհրդարանական մեծամասնություն ստանար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, դա հավելյալ տուրբուլենտություն կստեղծեր` չնայած որ նա մեր հին, նոր գործընկերն է»:

«Դա բոլորը հասկանում էին: Այդ պատճառով կարծում եմ, որ Մոսկվան, ամենայն հավանականութամբ, կճանաչի այս ընտրությունները»,- հայտնել է գործիչը: