ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանցիները Գեղարքունիքում սահմաններն արդեն ականապատում ու բետոնացնում են

Իրենց սահմանի գծից դեպի Հայաստան 18 կիլոմետր խորության վրա՝ Իշխանասարի պես բարձունք են վերցրել

Մայիսի 12-ից Ադրբեջանի Զինված ուժերի 1000-ից ավելի ներկայացուցիչներ ներխուժել են Հայաստանի սահմաններից ներս, և արդեն մեկ ամսից ավելի է՝ շարունակում են գտնվել մեր երկրում։

Հայաստանում ադրբեջանցի զինվորները խորացել են մի քանի ուղղություններով և, ըստ տարբեր հաշվարկների, իրենց վերահսկողության տակ են պահում 10 հազար հեկտարից ավելի տարածք։

168.am–ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն ասաց, որ ադրբեջանցիները, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզում, արդեն  իրականացնում են սահմանների ականապատման և բետոնապատման աշխատանքներ։

«Երեկ Վարդենիսում էի, ադրբեջանցիները ականապատում են Հայաստանը։ Շինարարություն են անում, բետոն են թափել, պատ են կառուցում՝ իրենց սահմանի գծից դեպի Հայաստան 18 կիլոմետր խորության վրա։ Իշխանասարի պես բարձունք են վերցրել։ Այլևս այդտեղ անասուն պահել էլ չի լինի. արոտավայր չկա։

Ադրբեջանցիները ականապատում են մեր տարածքները, որովհետև վախ ունեն, որ մերոնք կարող են հարձակվել և նրանց դուրս շպրտել, բայց մենք այդ դեպքում հսկայական զոհեր ենք տալու, որպեսզի ադրբեջանցիներից այդ տարածքներից դուրս քշենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Վերջինս դիմեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին՝ հարց հնչեցնելով՝ տիկի՛ն դեսպան, ե՞րբ է ԱՄՆ-ը խոսելու Վարդենիսի ականապատման մասին։

«Իրանից մի բաժակ ենք գնում, դեսպանը հասնում է վարչապետի մոտ, բա, տիկի՛ն դեսպան, մեր դաշտերում խորացել և ականապատում են իրականացնում։

Գնացե՛ք, տեսե՛ք և ձայն հանե՛ք, եթե Դուք հայ ժողովրդի այնպիսի բարեկամը չեք, որը 100 տարի անց է միայն ճանաչում Ցեղասպանությունը, եթե այդպիսին չեք՝ գնացեք, տեսեք և ձայն հանեք»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում