Վաչագան Ղազարյանը գրավի գումարը վճարել է ընկերների, հարազատների, բարեկամների համատեղ ուժերով

Գումարները կալանքի տակ են, պետք է ազատվեն, որ կարողանան համապատասխան գործողություններով դրանք փոխանցել պետությանը
վաչո

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը գրավի գումարը վճարել է ընկերների, հարազատների, բարեկամների համատեղ ուժերով։

Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը։ Դեկտեմբերի 30-ին Վաչագան Ղազարյանը, որի դրամական միջոցներն ու գույքը գտնվում են կալանքի տակ, 50 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Հարցին, թե Վաչագան Ղազարյանի՝ դեկտեմբերի 12-ին պետությանը 6 միլիոն դրամ փոխանցելու վերաբերյալ հայտարարությունն ուժի մե՞ջ է, պաշտպանը պատասխանեց, որ Ղազարյանի դրամական միջոցները շարունակում են մնալ կալանքի տակ, այդ պատճառով նրանք սպասում են նախաքննական մարմնի գործողություններին։

«Գումարները կալանքի տակ են, պետք է ազատվեն, որ կարողանան համապատասխան գործողություններով դրանք փոխանցել պետությանը։ Քանի որ քրեական գործը բավական բարդ է և ծավալուն, կարծում եմ՝ նախաքննական մարմինը որոշակի ընթացակարգեր պետք է սահմանի։ Հնարավոր է՝ ՀՔԾ-ն ընդհանրապես ընթացք չտա Վաչագան Ղազարյանի հայտարարությանը․ այդ սցենարն էլ չենք բացառում»,- ասաց պաշտպանը։

Արմեն Հարությունյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով Ղազարյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը, կայացրել է հիմնավոր և օրինական որոշում։ Միաժամանակ, պաշտպանն ապօրինի ու անհիմն որակեց վերաքննիչ դատարանի որոշումը։ Դեկտեմբերի 28-ին վերաքննիչ դատարանը մերժել էր Վաչագան Ղազարյանին ազատելու՝ պաշտպանների բողոքը:

«Վաչագան Ղազարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, հիմքեր չկան, նախաքննության մարմինն էլ որևէ ապացույց այդ մասով չի ներկայացրել, որ Ղազարյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ ձևով կարող է խոչընդոտել գործի քննությանը կամ խուսափել դրանից։ Այդ տեսանկյունից առաջին ատյանի դատարանը գնահատեց մեր ներկայացրած հիմնավորումները և բավարարեց գրավի միջնորդությունը հիմնավոր և օրինական կարգով»,- նշեց պաշտպանը։

Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չեն ստացել, ստանալուց հետո այն բողոքարկելու են վճռաբեկ դատարանում։ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։