Բաքուն չի բացառում հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց տները. Անվտանգության երաշխավորն էլ Ալիևն է լինելու. Ռովշան Ռզաև

Մանրամասներ

ա

Բաքուն չի բացառում հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղում իրենց տները, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո մնացել են այն տարածքներում, որոնք այժմ անցել են Ադրբեջանի վերահսկողությանը:

Այս մասին, Թերթ.am-ի փոխանցմամբ, Известия պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի տեղահանվածների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռովշան Ռզաևը` ընդգծելով, որ տարածքների փոխանցման մասին խոսք չկա:

«Մեր երկիրն ամենաբարձր մակարդակով բազմիցս հաստատել է նախկին ԼՂԻՄ (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ) հայ բնակչության` Ադրբեջանի տարածքում ինտեգրման վերաբերյալ իր պատրաստակամությունը: Բայց տարածքում բնակվելու իրավունքը չպետք է փոխարինվի տարածքներն օտարելու իրավունքով: Ուստի ձեր հարցի պատասխանն այո է, նրանք (հայերը) կարող են մեզ հետ ապրել Ադրբեջանում՝ որպես մեր երկրի քաղաքացի, ինչպես ապրում էին մինչ հակամարտությունը»,-նշել է պաշտոնյան:

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք անվտանգության երաշխիքներ կան վերադառնալ ցանկացող հայերի համար, Ռովշան Ռզաևը շեշտել է, որ պետությունը, նրա սահմանադրությունը և օրենքները դրա երաշխավորն են Ադրբեջանում բնակվող բոլոր մարդկանց համար:

«Եվ այս ամենի երաշխավորը մեր երկրի նախագահ Իլհամ Ալիևն է», - եզրափակել է հանձնաժողովի ղեկավարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։