Շուշիի մարտերում հինգ տեղից վիրավորված, «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետին ծեծելով ու սալջարդերով տարան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Ծեծելով տարան, մեշոկի նման շպրտին ավտոն, մեկը հարցրեց՝ անձնագիր ունե՞ս, վկայականս էր մոտս, ասաց՝ տղերք, մի՛ խփեք, ինքը վիրավոր սպա ա։ Օպերայի մոտ կապ տվին, շտապ օգնությունով տարան Հանրապետական»։ 

Երեկ ԱԺ-ի մոտից բերման ենթարկված Եղիշե Բոցինյանը մանրամասներ է պատմում։

1

Մայիսի 20-ի երեկոյան, երբ խորհրդարանում քննարկվում էր սահմանային իրավիճակը, Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիները ցույց էին անում։ Ոստիկանությունը սկսեց բերման ենթարկել ցուցարարներին, ըստ ոստիկանության տեղեկության՝ 9 հոգու, մնացած հավաքվածներին հրելով տեղափոխեցին մայթեր։

Բերման ենթարկվածներից էր նաև Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Շուշիի մարտերում հինգ տեղից վիրավորված Եղիշե Բոցինյանին։

«Հետքն» այդ պահին նկարահանումներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում, և մեր տեսախցիկը ֆիքսել է Եղիշեին ոստիկանական մեքենա մտցնելու պահը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդը բղավում, հավանաբար ցավից, իսկ ոստիկաններից մեկը ասում․ «Հանգիստ, հանգիստ, թող գոռա, թող գոռա»։

Այսօր, երբ համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որտեղ Եղիշե Բոցինյանը հիվանդանոցում է, կապ հաստատեցինք նրա հետ։

Եղիշեն պատմում է դեպքի մանրամասները․

1

«Ազգային ժողովի դեմը որ փակել էին, ես կանգնած էի խաչմերուկի վրա, հետո որ սկսեցին արդեն կանանց ու երեխաներին բրդբրդել, առաջ գնացի, ասի՝ տղերք, ամոթ չեք անո՞ւմ, էս ի՞նչ եք անում, եկեք իրար հետ գնանք սահման, բոքսը էնտեղ ա կատարվում, կանգնենք, սաղս իրար հետ թուրքին խփենք, բոքսենք, լարենք մեր սահմանից։ Էդ խոսքիս վրա ուսերիցս բռնին, մտցրին իրանց էդ կուտոկի մեջ ու սկսին տշել բառի բուն իմաստով։

էդտեղից՝ Գիտությունների ակադեմիայի խաչմերուկից մինչ Ազգային ժողովի դարպասների մոտ, ծեծելով տարել են, մեշոկի նման շպրտեցին ավտոն, որոշ ժամանակ մեքենայի մեջ էի, մենակ ես էի, ասին՝ տարեք, հենց խոդի տվին, ավտոն դուրս եկավ, սկսին տփել։ Իջացրին Օպերայի խաչմերուկ, ճանապարհին վատացել էի, կապ տվեցին, շտապ օգնություն եկավ, ուշագնաց էի լինում։

Աջ հատվածս վիրավորված ա, կողքաճաղերս ջարդած ա՝ Արցախյան պատերազմին վիրավորումից․ հիմնականում իրանք էլ խփում էին կողքաճաղերիս, ես էլ կողքաճաղերս էի բռնել, ու խփում էին գլխիս։ Իրանց չեմ ասել, որ վնասվածք ունեմ, ուղղակի ցավից գոռում էի։ Մեկը հարցրեց՝ անձնագիր ունե՞ս, անձնագիր չկար մոտս, ուդոս (զինվորական վկայական, կոչումով՝ պահեստազորի սպա, կապիտան՝ խմբ․) էր մոտս, հանեցի տվեցի, ասաց՝ տղերք, մի' խփեք, ինքը վիրավոր սպա ա։ Ու էդտեղ, ուշքս գնացած, ինձ ուղարկեցին Հանրապետական հիվանդանոց, իրանք էլ թռան։

Հիմա հիվանդանոցից դուրս եմ եկել․ վիճակս նորմալ ա, միայն աջ կրծքավանդակիս կողերը, որ նոր էին կպել, էլի սալջարդ ա առաջացել, մեկ էլ գլխուղեղի սալջարդ, աչքիս ու աջ ունքիս վերևի հատվածում են հարվածները եղել։

Բողոք եմ ներկայացրել, քանի որ բռնությունը ոստիկանության կողմից ա եղել, ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն գործը»։

Եղիշե Բոցինյանը Հայաստանի քաղաքացի է, Երևանի բնակիչ, պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել է բնակվելու Ստեփանակերտում, ինչպես ինքն է նշում, Երևան էր եկել բուժվելու։

Եղիշե Բոցինյանի լուսանկարները հիվանդանոցում և Արցախում՝ իր ֆեյսբուքյան էջից։

Հետք․am